Լուիս Ադրիանո. «Ես կկարոտեմ»
«Միլանի» նորեկ Լուիս Ադրիանոն հրաժեշտ է տվել Դոնեցկի «Շախտյորին» և Ուկրաինային:
«Այսօր ավարտին է մոտենում երկար ու գեղեցիկ մի պատմություն, որը տեղ գտավ իմ կյանքում,- ասել է Լուիսը:- 8 տարի եմ անցկացրել «Շախտյորում», տիրացել բազմաթիվ մրցանակների, որոնց թվում են Ուկրաինայի չեմպիոնի 6, երկրի գավաթի խաղարկության 4 և ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության հաղթողի կոչումները: Ես շատ երախտապարտ եմ ակումբին, որը շեշտը դրեց իմ ֆուտբոլի վրա և ինձ հնարավորություն տվեց խաղալ Եվրոպայում:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ակումբի նախագահ Ռինատ Ախմետովին, մարզիչ Միրչա Լուչեսկուին: Վերջինս հոր պես է վերաբերվել ինձ ու թիմակիցներիս, ովքեր օգնել են ինձ՝ հասնելու այս մակարդակին: Շնորհակալություն նաև երկրպագուներին, ովքեր աջակցել են ինձ այս ամբողջ ժամանակահատվածում: Ես շատ կկարոտեմ»:
Նշենք, որ Ադրիանոն «Միլանի» հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2020 թ. ժամկետով: