Գաբրիել Ղազարյանն այցելել է Ծաղկաձոր
Երեկ՝ հուլիսի 5-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանի հետ այցելել է Ծաղկաձոր, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում հեծանվային սպորտի հավաքականը՝ պատրաստվելով եվրոպական մրցաշարերի` երիտասարդական առաջնությանը (Հունաստան) և պատանեկան oլիմպիական ամառային փառատոնին (Վրաստան):
Նախարարը քաջալերել է հեծանվորդներին՝ նշելով, որ, մասնակցելով միջազգային մրցաշարերի, բոլոր հայ մարզիկները պետք է չմոռանան, որ իրենք ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը` անելով առավելագույնը մեր հայրենիքը արտերկրում արժանավայել ներկայացնելու համար:
Գ. Ղազարյանը և Ա. Սահակյանը զրուցել են մարզիկների հետ ու նրանց հաջողություններ մաղթել առաջիկա մրցաշարերում: Նախարարը ֆեդերացիայի նախագահի հետ քննարկել է նաև հեծանվային սպորտի զարգացման հետագա ուղիները և այդ ուղղությամբ կատարվելիք համատեղ ծրագրերը:
Նույն օրը Գաբրիել Ղազարյանը ներկա է եղել Սահմանադրության օրվա առիթով Երևանում «GMG մեդիա գրուպ» ընկերության կազմակերպած հեծանվավազքի մրցույթին:
«Առողջ ապրելակերպի և մասսայական սպորտի քարոզումը նախարարության առաջնահերթ ծրագրերից է, որոնց իրագործման համար պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ: Այդ տեսանկյունից ողջունելի եմ համարում «GMG մեդիա գրուպի» այս ձեռնարկը: Սա մեր առաջին համատեղ մարզական միջոցառումն է, սակայն, հուսով եմ, ոչ վերջինը: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջող երթ»,- Ղազարյանի խոսքերը մեջբերել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Նշենք, որ հեծանվավազքի մեկնարկը տրվել է Երևանի Հանրապետության հրապարակից և ավարտվել Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում: Նախարարը մրցանակներ է հանձնել առաջին տեղը գրաված Միքայել Նահապետյանին, ինչպես նաև երկրորդ և երրորդ տեղերը գրաված Մարիաննա Օհանյանին և Արտյոմ Հովհաննիսյանին: Մրցանակակիր եռյակից բացի, հավաստագրերի են արժանացել նաև մրցավազքի բոլոր մասնակիցները: