Արթուր Թովմասյանի «ոսկե» մրցելույթը
Հաղթական մի նոր էջ գրվեց հայկական սպորտի պատմագրքում:
Հայտնի է, որ հայաստանցի օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը եղել է սպորտային մարմնամարզիկ Հրանտ Շահինյանը: Նրա բացած արահետով գնացին նաև հայր ու որդի` Ալբերտ և Էդվարդ Ազարյանները` նվաճելով մարզական բոլոր բարձունքները: Իսկ ահա 18-ամյա Արթուր Թովմասյանը մարզաձևում մեր երկրից առաջինը հռչակվեց համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե մեդալակիր: Այսօր լուսադեմին ՌԴ հեռուստաալիքով ցուցադրված նրա նվաճումը առավել հաճելի է այն առումով, որ Արթուրը Հարավային Կորեայի Քվանջու քաղաքում տեղի ունեցած մրցաշարում լավագույնը ճանաչվեց հենց իր ուսուցչի` մեծն Ալբերտ Ազարյանին փառք ու պատիվ բերած մարմնամարզական գործիքի` օղակների վրա կատարած վարժությունում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Եզրափակիչ մտած ութնյակի անվանացանկը տեսնելով՝ սկզբում մտահոգվեցինք: Մանավանդ ուկրաինացիներ Իգոր Ռադիլովը և Օլեգ Վեռնյաևը սկզբից ևեթ փորձեցին «աքցանի» մեջ առնել, խեղդել, ընկճել հայորդուն: Հավասարակշիռ, բարձրահասակ, հայեցի գեղեցիկ տեսքով ու առնական մեր վարպետը վստահությամբ բարձրացավ օղակների վրա: Իսկ շարունակությունը ռուս մեկնաբանների հիացական խոսքերն էին, որոնք հաճույքով էին շռայլում մեր մարզիկի հասցեին. «Տեսեք՝ ինչպիսի կապակցություն է, իրար են հաջորդում հորիզոնականը, ինքնաթիռը, ազարյանական խաչը… նրա ելույթը պարզապես կատարյալ է…»:
Արթուրը մրցաշարում միակ մարզիկն էր , ով բոլոր ուժային տարրերը կատարեց դաստակների ոչ խորը բռնվածքով, բաց լծակներով, մաքուր ու անթերի, այն էլ՝ մեծ վարպետությամբ: Թափերից հետո միանգամից կանգով հորիզոնական դիրքը մրցավարներին մի տեսակ զրկեց սխալվելու հնարավորությունից: Կատարումը բնորոշ էր ազարյանական դպրոցի ոճին: Կեցցե հայ մարզիկը:
Ուրախացրեց և հայոց եռագույններով տրիբունաներում տեղ զբաղեցրած մեր երկրպագուների հոծ խումբը, որը բուռն ծափերով արձագանքեց Արթուրի մրցելույթի ավարտը: Այն գնահատվեց 15,500 միավորով: Հաջորդ երկու տեղերն զբաղեցրեցին վեր նշած ուկրաինացիները:
Նորընծա չեմպիոնը յուրատեսակ դաս տվեց բոլոր այն մարզիկներին և մարզիչներին, ովքեր իրենց ձախողումը կապում են կողմնակալ մրցավարության, պայմանների սղության, ֆինանսի բացակայության և հնարովի այլ պատճառների հետ: Ճշմարտությունը մեկն է. սպորտում բացահայտ ուժեղն անպարտելի է:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում