Ռոբերտ Արզումանյանը կշարունակի խաղալ «Ամկարում»
«Ամկարը» հրաժարվել է ղազախական ակումբներին վաճառել Ռոբերտ Արզումանյանի տրանսֆերը: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայի որոշ ներկայացուցիչներ:
«Ամկարի» ղեկավարությունը, որը 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է ստորագրել անցած տարվա դեկտեմբերին, կարծում է, որ չի կարող բաժանվել իր հիմնական կենտրոնական պաշտպանից: 8 խաղում, որոնց Արզումանյանը մասնակցել է մրցաշրջանի գարնանային հատվածում, պերմյան թիմը 3 հաղթանակ է տոնել, այդ թվում նաև՝ «Դինամոյի» ու ԲԿՄԱ-ի դեմ, 4-ը ավարտել ոչ-ոքի արդյունքով ու միայն 1 պարտություն կրել:
Հիշեցնենք, որ «Ամկար» տեղափոխվելուց առաջ Արզումանյանը հանդես էր գալիս ղազախական «Ակտոբեում»: