Հրաչյա Ռոստոմյան. «Չխուսափեցինք պատասխանատվությունը վերցնել մեզ վրա»
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, Բաքվում կայացած Եվրոպական առաջին խաղերում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը և պատվիրակության մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանն այսօր պատասխանեցին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին:
Եվ չնայած որ Ազգային օլիմպիական կոմիտեն Բաքու մեկնելու որոշումը թողել էր մարզաձևերի ֆեդերացիաների ու մարզիկների վրա և մեկնումը, որպես պարտադիր պայման, չէր դիտարկել, Հրաչյա Ռոստոմյանն այսօր պարզապես հայտարարեց, որ որոշման ընդունման պատասխանատվությունն իր վրա է վերցրել ՀԱՕԿ-ը:
«Նախ ասեմ, որ այսօր առավոտյան լավ լուր ստացանք. Համաշխարհային ուսանողական խաղերում չեմպիոն ունենք, և ես սրտանց շնորհավորում եմ այդ հաղթանակի առթիվ ու մաղթում նորանոր հաղթանակներ: Ինչ վերաբերում է Բաքու մեկնելուն, ասեմ, որ երբ որոշում էինք կայացնում՝ մասնակցելու Եվրոպական առաջին խաղերին, այդ պատասխանատվությունն իր վրա վերցրեց ազգային օլիմպիական կոմիտեն և իր համարձակությամբ ու խոհեմությամբ ապացուցեց, որ միջազգային կառույցների հետ ճիշտ աշխատելու դեպքում մեր երկրի հեղինակությունը կարելի է անհամեմատ բարձրացնել»- նշեց Հրաչյա Ռոստոմյանը:
Չընդունելով այն տեսակետները, որ պետք չէր մեկնել Բաքու, ավելին՝ շեշտը դնելով միայն հնչեցված այն կարծիքների վրա, որոնք քննադատության չեմ դիմանում, Հրաչյա Ռոստոմյանը հանրության՝ Բաքու չմեկնելու ընդհանրական դիրքորոշումը որակեց որպես ասեկոսե ու վայրահաչություն:
«Իսկ եթե մենք առաջնորդվեինք տարբեր մարդկանց ասեկոսեներով ու վայրահաչությամբ, ապա այսօր ՀԱՕԿ-ը հետ կգցեինք նվազագույնը 10 տարով: Այսօր մենք ունենք մեծ հեղինակություն, ունենք համախոհների մեծ բանակ, որն ապացուցեցին Բաքվի խաղերը»,- հայտարարեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը՝ այդպես էլ պատասխան չտալով այն հարցադրումներին, որոնք ներկայացվում էին ՀԱՕԿ-ին, հիմնավորված էին ու տրամաբանված: Եվ այնպիսի տպավորություն է, որ Բաքու չմեկնելու գաղափարը ՀԱՕԿ-ը դիտարկել է որպես իր դեմ ուղղված քայլ:
«Եվս մեկ անգամ պետք է նշեմ, որ Բաքու գնալը ոչ մեկի համար հաճելի չէր: Բայց, փառք Աստծո, մենք չխուսափեցինք այդ պատասխանատվությունը վերցնել մեզ վրա: Բոլոր այն երաշխիքները, որոնք տրվել էին մեր պատվիրակությանը՝ թե անվտանգության, թե ազատ զգալու համար, այդ ամենը մենք տեսանք Բաքվում: Անվտանգությունը կազմակերպվել էր ամենաբարձր մակարդակով: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք Թոմաս Բախից ու Պատրիկ Հիկեից: Մարտի 10-ին հանրահայտ արդեն դարձած ՀԱՕԿ-ի նիստն ապացուցեց, որ մենք կարող ենք մեզ վրա պատասխանատվություն վերցնել և այն կրել պատվով:
Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը, ասեմ, որ մեր պատվիրակության անդամներից ոչ մեկի համար էլ հաճելի չէր 100 հազար ադրբեջանցու մեջ մտնել, բայց դա պետք էր, մեր երկրի հեղինակության ու մեր ազգի համար էր պետք, և մենք դա պատվով կատարեցինք:
Պետք է նշեմ, որ մեր պատվիրակությանն ամեն օր այցելում էին տարբեր օլիմպիական կոմիտեների նախագահներ և շնորհակալություն էին հայտնում մեր մասնակցության համար՝ նշելով, որ մեր քայլն արդեն հաղթանակ է, մեր քայլը՝ հաղթանակած ու ուժեղ մարդկանց որոշում»,- շեշտեց Հ. Ռոստոմյանը:
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը նաև ընդգծեց, որ եթե կրկին մարզական միջոցառում լինի, իրենք կայցելեն Բաքու, և այդ առումով որևէ խնդիր չկա: Անդրադառնալով ավստրացի մարզիկների հետ կատարվածին, երբ ավտոբուսը հարվածել էր երեք լողորդուհիների, Ռոստոմյանը հայտարարեց, որ այն դժբախտ պատահար էր, որից ոք ձերբազատված չէ նման խոշոր մրցաշարերում:
«Միակ վիճահարույց հարցը, որն ունեցել ենք Բաքվում, բռնցքամարտիկների ելույթների հետ էր կապված: Մենք այդպես էլ չհասկացանք՝ միջազգային ֆեդերացիայում կանոնակարգված մրցավարություն կա՞, թե՞ ոչ: Որևէ միտումնավոր բան չենք տեսել մեր պատվիրակության դեմ Բաքվում: Դերենիկ Գաբրիելյանը պատրաստվում է մրցավարության վերաբերյալ ելույթ ունենալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նիստում»,- ավելացրեց Ռոստոմյանը:
Կարեն Գիլոյանը, իր հերթին, նշեց, որ առաջին իսկ օրվանից բոլոր ԶԼՄ-ները, այդ թվում՝ ադրբեջանական, ցանկանում էին հարցազրույց վերցնել հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներից:
«Մենք աշխատում էինք մեր պատասխաններում զուսպ լինել՝ հայտարարելով, որ չենք վախեցել, ժամանել ենք Բաքու, սա սպորտ է, և մենք մասնակցության խնդիր չունենք: Ուզում եմ շեշտել, որ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը մերժել էր, որ Ադրբեջանը հոգա մեր պատվիրակության ծախսերը»,- ասաց Կ. Գիլոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ