ՌՖՄ-ն համագործակցության պայմանագիր կստորագրի Գերմանիայի ֆուտբոլային միության հետ
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը համագործակցության պայմանագիր կստորագրի Գերմանիայի ֆուտբոլային միության հետ: Այն քառակողմ կլինի. գործընկերներ կդառնան նաև Ռուսաստանի սպորտի նախարարությունն ու «Adidas» ընկերությունը: Համագործակցության հուշագիրը կստորագրվի հուլիսի 31-ին:
Հատուկ այդ նպատակով կայանալիք արարողությանը կմասնակցեն ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն, «Adidas Group»-ի գլխավոր տնօրեն Հերբերթ Հայները, ՌՖՄ-ի առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը և Գերմանիայի ֆուտբոլային միության գլխավոր քարտուղար Հելմուտ Սանդրոկը:
Կողմերը կհայտարարեն պատանի ֆուտբոլիստների պատրաստման համատեղ ծրագրի գործարկման մասին՝ հենված ԳՖՄ-ի փորձի ու մեթոդիկայի վրա: Գերմանացի մարզիչների հետ «Adidas»-ի մշակած համակարգը բաղկացած է մի շարք միջոցառումներից, որոնք ուղղված են մանկապատանեկան մարզիչների պրոֆեսիոնալ պատրաստվածության մակարդակի բարձրացմանը: