Պլատինին հայտարարեց իր թեկնածությունն առաջադրելու որոշման մասին
ՈՒԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին հաստատել է, որ իր թեկնածությունը կառաջադրի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում:
«Ես խորապես կշռադատված որոշում եմ կայացրել, հաշվարկել և ֆուտբոլի, և իմ ապագան: Անկասկած, միևնույն ժամանակ առաջնորդվել եմ ձեր աջակցությամբ, այն հարգանքով, որն իմ հանդեպ դրսևորում են ձեզանից շատերը:
Պահեր են լինում, երբ անհրաժեշտ է, որ սեփական ճակատագիրդ ձեռքդ վերցնես: Ես նման պահերից մեկն եմ ապրում: Սա բեկումնային փուլ է իմ կյանքում՝ հաշվի առնելով այն իրադարձությունները, որոնք կկանխորոշեն ՖԻՖԱ-ի ապագան:
Անցած կես դարում ՖԻՖԱ-ն ընդամենը երկու նախագահ է ունեցել: Նման զարմանալի մշտականությունը պարադոքս է ինչպես ժամանակակից աշխարհի համար, որը միևնույն ժամանակ արմատական փոփոխություններ է կրել, այնպես էլ մեր մարզաձևի համար, որում տնտեսական զգալի առաջընթաց է արձանագրվել:
Սակայն վերջին իրադարձությունները մեզ ստիպում են նոր էջ բացել համաշխարհային ֆուտբոլի բարձրագույն ղեկավար մարմնի պատմության մեջ ու վերագնահատել նրա ղեկավարության սկզբունքները:
Հույսեր եմ կապում ձեր աջակցության և այն բանի հետ, որ միասին տասնյակ միլիոնավոր երկրպագուներին կարող ենք այնպիսի ՖԻՖԱ պարգևել, որպիսին նրան երազում են տեսնել՝ օրինակելի, միասնական, հարգանքի ու սիրո արժանի ու հանուն մարդկանց աշխատող»,- նշել է Պլատինին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում