Եվրոպայի օլիմպիական պատանեկան փառատոնում
Թբիլիսիում անցկացվող Եվրոպայի օլիմպիական պատանեկան փառատոնի մեկնարկային փուլերում Հայաստանի պատվիրակները ցույց են տվել միջին արդյունքներ: Մեդալների համար պայքարում անհաջողության մատնվեցին թենիսիստները (մենախաղեր և զուգախաղեր), լողորդները` տարբեր լողաոճերում և մրցատարածություններում, 100 մ արագավազքում, 200 մ խոչընդոտավազքում հեռացատկում` աթլետները, անհատական հեծանվավազքի եռյակը, 50 կգ և 55 կգ քաշային կարգերում հանդես եկած ձյուդոյիստները:
Եղան նաև ուրախացնող մրցելույթներ: Առավելապես գովասանքի են արժանի Երևանի քաղաքապետարանի` Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի սաներ Արթուր Ավետիսյանը և Մհեր Տուդոյանը: Արթուրն օղակների վրա վարժությունում 77 մասնակիցների պայքարում վաստակեց 14,250 միավոր և լավագույն արդյունքով մտավ եզրափակիչ: Նման պատվի արժանացավ նաև մեր երկրորդ պատվիրակը` Մհեր Տուդոյանը (նժույգ թափեր): 78 մարզիկ էր հայտավորված լավագույն ութնյակ մտնելու և եզրափակչում խաղարկվող մրցանակներին տիրելու համար: Մհերը նույնպես հրաշալի կատարումով հանդես եկավ, վաստակեց 13,750 միավոր և կիսեց 6-7 րդ տեղերը: Հավատանք , որ վաղը մեր երկու մարմնամարզիկները կարդարացնեն սպասելիքները և մեդալներ կգրանցեն Հայաստանի պատվիրակության հաշվին:
Դժգոհելու տեղիք չտվեց նաև երևանցի հեռացատկորդ, ՀՀ սպորտի նախարարության աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան թիվ 2 մարզադպրոցի սան Ռաֆայել Շտայանը: Ճիշտ է՝ նա իր լավագույն արդյունքից շուրջ 45 սմ պակաս հեռացատկեց, բայց 6 մ 44 սմ ցուցանիշն էլ բավական էր, որ իր համար տեղ ապահովի եզրափակիչ մտած 12 լավագույնների շարքում: Նրանք խաղարկվող մեդալների համար պայքարի կմտնեն այսօր: Հուսանք, որ մեր աթլետը ցույց կտա իր լավագույն արդյունքը և տեղ կգտնի առաջին եռյակում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Այսօր՝ հուլիսի 29-ին ասպարեզ կելնեն մարմնամարզուհի Աննա Ղազարյանը, ձյուդոյիստներ Տիգրան Բադալյանը (60 կգ), Բորիս Շատվերյանը (66 կգ), աթլետ Գայանե Չիլոյանը (200 մ վազք) և հեծանվորդները (խճուղային մրցավազք):