Վահե Հակոբյան. «Գանձասար-Կապան»-ի առաջ մրցանակային տեղ նվաճելու խնդիր է դրված (տեսանյութ, լուսանկարներ)
Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ առաջնության մեկնարկից մեկ օր առաջ «Գանձասար-Կապանի» ղեկավարությունը հանդիպեց լրագրողներին, ներկայացրեց թիմի անցկացրած նախապատրաստական աշխատանքները, ծրագրերը, նպատակներն ու նորեկներին: Նրանք ենք Լուբամբո Մուսոնդան, Ացամազ Բուրաևը, Դամիր Սեմովիչը, Անդրեյ Ստոևը, Գոգիտա Գագատիշվիլին և Վբեյմարը:
«Մենք ակնկալում ենք զբաղեցնել մրցանակային տեղեր: Թիմը բավականին լավ մարզավիճակում է: Մարզչական խմբի առաջ խնդիր է դրվածայս տարի նվաճել մրցանակային տեղ»,-ասաց ակումբի նախագահ Վահե Հակոբյանը:
Թիմը հիմնականում մարզվել է Սյունիքում՝ մասնավորապես Կապան քաղաքում. «Մենք այսօր ունենք 200 երեխա, Սյունիքում ֆուտբոլային առումով վերել ենք տեսնում: Կարծում եմ, եթե ակումբը հաջողության հասնիառաջնությունում, երեխաների ոգևորությունը կմեծանա, ինչը շատ կարևոր է»:
Ակումբի մարզիչ Սամվել Պետրոսյանն էլ ավելացրեց, որ նորեկները բոլորն էլ լավ տպավորություն են թողել. «Փորձաշրջան անցնող այլ ֆուտբոլիստներ ևս եղել են, բայց «Գաանձասար-Կապանը» պայմանագիր է կնքել այս վեց ֆուտբոլիստի հետ: Ինչպես նաև երկու համալրում ունենք «Միկայից»՝ Արմեն Պետրոսյանը և Տիգրան Բարսեղյանը»:
Ս. Պետրոսյանի ներկայացմամբ, հունիսի 20-ից թիմը սկսել է մարզումները Երևանում, այնուհետև հուլիսի 8-ից 22-ը ուսումնամարզական հավաք է անցկացրել Բուլղարիայում:
«Այնտեղ ծրագրել էինք անցկացնել չորս խաղ, բայց երեքն անցկացրինք՝ Բարձրագույն խմբերի թիմերի հետ: Վերջին հունական թիմը հրաժարվեց մրցել մեզ հետ: Երկու խաղ ավարտել ենք ոչ-ոքի՝ 0-0, 1-1, իսկ մեկ խաղ՝ Հունաստանի Բարձրագույն խմբի թիմին հաղթել ենք 4-3 հաշվով: Առաջնությանը շատ լուրջ ենք պատրաստվում, թիմի առջև նպատակ է դրվել եկող տարի եվրոպական մրցասպարեզում խաղալ»,-ասաց Պետրոսյանը:
Վահե Հակոբյանը տեղեկացրեց, որ առաջիկա մրցաշրջանում թիմը հանդես է գալու նոր մարզահագուստով:
Ֆինանսական խնդիրների վերաբերյալ հարցին ի պատասխան ակումբի ղեկավարն ասաց, որ ֆուտբոլային ակումբը նման խնդիր չունի. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի որի վարչական տնօրենն եմ ես, կանգնած է ակումբի թիկունքին: Ցանկացած հարց լուծվում է ժամանակին»: