Խոսել են երիտասարդների մոտ սպորտի նկատմամբ սեր արթնացնելու ձևերի մասին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ քննարկել է ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ սպորտային մենեջմենթի, մարզաձևերի մասսայականացման և քարոզչության վերաբերյալ:
Նախարարը տեղեկացրել է դեսպան Աղաջանյանին, որ հայ մասնագետները ուրախությամբ կուսումնասիրեն հոլանդացի գործընկերների փորձը` այդ երկրում մեծ մասսայականություն վայելող ֆուտբոլ և հեծանվային սպորտ մարզաձևերում: «Զարգացնելով երկու մարզաձևերն էլ՝ հնարավոր կլինի մեծ թվով պատանիների և երիտասարդների մեջ սեր և հետաքրքրություն առաջացնել սպորտի նկատմամբ»,- Ղազարյանի խոսքերը մեջբերել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Նա նաև մեծ հետաքրքրությամբ է ծանոթացել հոլանդական կողմի ներկայացրած առաջարկությանը` շուրջ տարին գործող «Հայրենասիրական, մարզական-առողջարարական մանկական ճամբար» ստեղծելու մասին:
«ՀՀ կառավարությունը, ի դեմս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, պատրաստ է աջակցել սպորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր հետաքրքիր գաղափար իրագործելու գործին: Մեր նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր մարզաբազաները պատրաստ ենք տրամադրել ճամբարներում բնակվող և մարզվող երեխաներին»,- եզրափակել է նախարարը:
Կողմերն անդրադարձել են նաև այս օրերին Երևանում ընթացող Համահայկական խաղերին, որոնց մասնակցելու նպատակով հայրենիք է ժամանել բազմամարդ պատվիրակություն:
«Նիդերլանդների Թագավորությունում բնակվում և մարզվում են հայազգի բազմաթիվ մարզիկներ, ովքեր բավական լավ հաջողություններ են գրանցում այդ երկրի առաջնություններում, ինչպես նաև Նիդերլանդները ներկայացնում են միջազգային մրցասպարեզներում: Նրանցից շատերը ցանկություն են հայտնում հանդես գալ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո»,- ասել է Ձյունիկ Աղաջանյանը:
Նախարար Ղազարյանն իր կողմից տեղեկացրել է, որ արտերկրում բնակվող բազմաթիվ հայազգի մարզիկների արդեն իսկ ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է և հետագայում ևս կշնորհվի ՀՀ քաղաքացիություն, ու չի բացառվում, որ դրանց թվում լինեն նաև Նիդերլանդներում բնակվող մարզիկներ:
«Սակայն ցանկանում եմ տեղեկացնել, որ յուրաքանչյուր դեպքում մոտեցումը լինում է անհատական. ուսումնասիրվում են մարզիկի գրանցած մարզական ձեռքբերումները և անձնական տվյալները»,- փաստել է Գ. Ղազարյանը: