Համահայկական ամառային 6-րդ խաղերին նվիրված նամականիշը կսպառվի ողջ աշխարհում
«Հայփոստ» ՓԲԸ-ն պաշտոնապես մարեց և շրջանառության մեջ դրեց Համահայկական ամառային 6-րդ խաղերը խորհրդանշող նոր փոստային թողարկում`գեղաթերթիկ մեկ նամականիշով: Գեղաթերթիկի մարմանը մասնակցում էին ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամներ Հերմինե Դուզյանը և Տիգրան Ալթունը, պատվավոր անդամ Հագոպ Կիրմիզյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Այս մասին տեղեկացնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունը:
Կապի և տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադևոսյանի խոսքերով` բարի ավանդույթ է դարձել բոլոր հատկանշական միջոցառումներին նվիրված գեղաթերթիկ, նամականիշ կամ ծրար ունենալը:
«Համահայկական ամառային 6-րդ խաղերն այնքան նշանակալից են մեր ազգի համար, որ նախարարության նամականիշների խորհուրդն ու «Հայփոստ» ընկերությունը որոշեցին ստեղծել թե ծրար, թե գեղաթերթիկ, թե նամականիշ: Հատկանշական է, որ միջոցառմանը մասնակցեցին Համահայկական խաղերի գործադիր խորհրդի անդամներ, հայ նշանավոր մարզիկներ, Ֆիլատելիստների միության նախագահը, «Հայփոստ» ընկերության տնօրենը»,-ասաց Գագիկ Թադևոսյանը:
Փոխնախարարի տեղեկացմամբ` նամականիշը մեծ տպաքանակով կսպառվի ողջ աշխարհում:
«Սա գնում է համալրելու համաշխարհային ֆիլատելիայի նմուշները: Կարծում եմ` Համահայկական ամառային խաղերին նվիրված նամականիշն իր ուրույն տեղը կզբաղեցնի համաշխարհային նամականիշերի շարքում»,-հավելեց փոխնախարարը:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Հերմինե Դուզյանը, ով ներկայացնում է Ֆրանսիան, հպարտ է նման միջոցառմանը մասնակցելու համար: Նրա կարծիքով` նամականիշի միջոցով հանրահռչակվում են թե Համահայկական խաղերը, թե Հայաստանն ինքնին:
Համահայկական ամառային 6-րդ խաղերին նվիրված գեղաթերթիկի վրա պատկերված է խաղերի ոսկե մեդալի դիմերեսը և դարձերեսը, ոճավորված պատկերված են խաղերի լոգոտիպը և գավաթը, ինչպես նաև նշված են այն քաղաքները, որտեղ անցկացվելու են խաղերը` Երևան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանակերտ: Նամականիշի վրա պատկերված է մարզադաշտ` վեց հիմնական սպորտաձևերով, ինչպես նաև Համահայկական խաղերի լոգոտիպը:
Համահայկական ամառային 6-րդ խաղերին նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկի դիզայնն իրականացրել է Դավիթ Դովլաթյանը: Տպաքանակը 20 հազար օրինակ է, նամականիշի չափերն են` 28/45 մմ, գեղաթերթիկի չափերը` 52/77 մմ:
Նախորդիվ՝
Գաբրիել Ղազարյանն ընդունել է Գլենդելի պատվիրակության անդամներին
Համահայկական խաղեր. Լավագույն եռյակը կազմել են երևանցիները
Սերժ Սարգսյան. «Բոլորս կապված ենք մեկ ընդհանրությամբ` հայկական ինքնությամբ»
Մարզիկների անունից երդվեց Շողիկ Ավետիսյանը
Համահայկական 6-րդ խաղերի բացման արարողության մեկնարկը տրված է