Դե Հեայի տեղափոխությունը «Ռեալ» ձախողվել է
«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ռեալը» համաձայնության հանգել էին դարպասապահ Դավիդ դե Հեայի տեղափոխության հարցում, սակայն փաստաթղթերն ուշ ներկայացնելու պատճառով գործարքը չի կայացել:
Իսպանացի դարպասապահը շատ մոտ էր Մադրիդ տեղափոխությանը, սակայն, ինչպես երևում է, ստիպված է նվազագույնը ևս կես մրցաշրջան անցկացնել «Մանչեսթեր Յունայթեդում»:
Ինչպես տեղեկացնում է goal.com-ը, մանչեսթերյան ակումբը Դե Հեայի տրանսֆերի դիմաց պետք է ստանար «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասի տրանսֆերը` 29 մլն եվրո հավելավճարով: Սակայն մինչ գործարքը կկայանար, տրանսֆերային պատուհանը փակվեց:
Իսկ ահա «Sky Sports»-ը հայտնում է, որ գործարքը դեռ կարող է կայանալ: Ակումբները մտադիր են հարցի լուծման նպատակով դիմել ՖԻՖԱ-ին: «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» պնդում են, որ հասցրել են ժամանակին կատարել իրենց բոլոր պարտավորությունները: Նրանք պնդում են, որ ուշացումը ֆեդերացիայում գրանցված տեխնիկական խնդիրների հետևանք է և որևէ կապ չունի իրենց հետ:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում դե Հեան բաց է թողել իր թիմի բոլոր 4 հանդիպումները Պրեմիեր լիգայում, ինչպես նաև «Բրյուգեի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղերը: Ակնհայտ է, որ Լուի վան Գալը պատրաստվում է մրցաշրջանն անցկացնել առանց դե Հեայի: