Կիսամարաթոնին մասնակցել է մոտ 4600 մարդ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ներկա է եղել Երևանում առաջին անգամ անցկացվող «Երևան ՌԱՆԱՐՄ-2015» վազքի միջազգային կիսամարաթոնին:
Նախարարը ողջունել է կիսամարաթոնի մասնակիցներին՝ նշելով, որ սա այն մրցավազքն է, որտեղ կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը: «Ուրախությամբ պետք է փաստեմ, որ չնայած կիսամարաթոնն անցկացվում է առաջին անգամ, մասնակցել ցանկացողների թիվը աննախադեպ մեծ է՝ մոտ 4600: Մասնակցում են բոլոր տարիքային խմբերի ներկայացուցիչները: Սա լավագույն փաստն է այն բանի, որ սպորտը համախմբում և միավորում է բոլորին»,- իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ անցկացվող միջոցառումը կազմակերպվել է նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի կողմից՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ:
Նախարար Գ. Ղազարյանը անձամբ է պարգևատրել կիսամարաթոնում (21,097 կմ) հաղթած տղաներին և աղջիկներին:
Հանրապետության հրապարակում մեկնարկած միջոցառումը ներառել է 4 վազքարշավ՝ կիսամարաթոն (21,097 կմ), փոխանցումավազք (2 x 10,550 կմ), 5 կմ վազք բոլոր ցանկացողների համար և 2,5 կմ վազք 12-ից 15 տարեկան դպրոցականների համար: Վազքարշավում համապատասխանաբար հաղթողներ են դարձել՝ տղաներից 21,097 կմ՝ Սերգեյ Լուկինը (Ռուսաստան), աղջիկներից 21,097 կմ` Իրինա Սերգևան (Ռուսաստան), տղաներից 10,550 կմ` Մուշեղ Շահվերդյանն (Երևան) ու Վահե Իվանյանը (Երևան), աղջիկներից 10,550 կմ` Լիլիթ Հարությունյանը (Վանաձոր) ու Աննա Քարհանյանը (Վանաձոր), տղաներից 5 կմ՝ Երվանդ Մկրտչյանը (Գյումրի) և աղջիկներից 5 կմ՝ Լիլիթ Սարաջյանը (Վանաձոր):
Երևանի միջազգային կիսամարաթոնի եզրագիծը հատած բոլոր մասնակիցները ստացել են հատուկ վազքարշավի համար նախատեսված մարզաշապիկներ և մեդալներ, իսկ հաղթողները պարգևատրվել են նաև գավաթներով ու ստացել դրամական պարգևներ: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Մրցավազքի մասնակիցներն ու հյուրերը անակնկալներ են ստացել միջոցառմանը մասնակցող ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆից:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը միանում է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի խնդրանքին, հայցելով՝ երևանցիների ներողամտությունը՝ Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկությունը դադարեցնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում