Ջեյմի Կարագեր. «Գերադասում եմ Կլոպին»
«Լիվերպուլի» լեգենդն ուզում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Յուրգեն Կլոպին:
Հիշեցնենք, որ «Էվերտոնի» հետ ԱՊԼ-ի 8-րդ տուրի խաղում գրանցված ոչ-ոքիից հետո Բրենդան Ռոջերսը հեռացվել է «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից:
«Եթե որոշողը ես լինեի, կընտրեի Կլոպին: Նա ավելի շատ ապացուցելու բան ունի, քան Անչելոտտին: «Լիվերպուլի» մարզիչ լինելը հեշտ գործ չէ: Շատ դժվար է լինելու վերադառնալ թոփ քառյակ. մոռացեք տիտղոսի մասին: «Լիվերպուլին» էներգիայի և լիցքի նոր աղբյուր է անհրաժեշտ. Կլոպը ճիշտ մասնագետ է այդ գործի համար»,- Կարագերի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:
Ջեյմին անդրադարձել է նաև Ռոջերսի շուրջ տիրող իրավիճակին:
«Շատ բան վատ էր ընթանում նրա համար: Նա պետք է լավ սկսեր մրցաշրջանը: Կարծում եմ՝ բախտավոր է, որ մինչև անցած մրցաշրջանի ավարտը պահպանեց իր պաշտոնը: Իսկ այս մրցաշրջանում, 70-80 միլիոն ծախսելուց հետո, առնվազն պետք է թույլ տային Ռոջերսին ավելի շատ խաղեր անցկացնել»,- ավելացրել է Կարագերը: