ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն Չոն Մոն Ջունին զրկել է ֆուտբոլային գործունեություն իրականացնելու իրավունքից
ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն կազմակերպության նախագահի թեկնածու Չոն Մոն Ջունին 15 տարով զրկել է ֆուտբոլային գործունեություն իրականացնելու հնարավորությունից, ինչը նրան չի թույլատրի մասնակցել ընտրություններին: Այս մասին հայտնում է «Reuters»-ը:
Հաղորդվում է, որ 2010 թ. Մոն Ջունը, ով զբաղեցրել է ՖԻՖԱ-ի փոխնախագահի պաշտոնը, գործկոմի անդամներին խոստացել է 777 մլն դոլար ներդնել ֆուտբոլի զարգացման գործում, եթե Հարավային Կորեան «ԱԱ-2022»-ի անցկացման իրավունք ստանա:
Ավելի վաղ նշվել է, որ ՖԻՖԱ-ի կոմիտեն այդ իրավիճակը դիտարկում է որպես հետաքրքրությունների բախում, որը համեմատելի է ձայների գնման հետ: Ինքը՝ հարավկորեացին, մերժում է բոլոր մեղադրանքները և հայտարարում, որ այդ գործը քաղաքական ենթատեքստ ունի:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունները կկայանան 2016 թ. փետրվարի 26-ին, իսկ հայտերի ներկայացման վերջին ժամկետը հոկտեմբերի 26-ն է: