«Վարդանանց ասպետները»՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ավագ սպարապետ Սթիվեն Քրաջյանի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը, ողջունելով հյուրերին պատմական հայրենիքում, իր գոհունակությունն է հայտնել կազմակերպության կողմից իրականացվող մեծածավալ հայապահպան աշխատանքների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
«Այն ծրագրերը, որոնք իրագործում եք թե՛ Սփյուռքում, թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում, իրենց անհերքելի դրական ազդեցությունն են ունենալու այդ եռամիասնության զարգացման և հզորացման գործում: Գովելի է հատկապես այն փաստը, որ ծրագրերից շատերն ուղղված են մանուկների և երեխաների համակողմանի զարգացմանը, այդ թվում նաև՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում»,- ասել է նախարարը:
Գ. Ղազարյանն իր խոսքում նաև շնորհակալություն է հայտնել հյուրերին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղի մոտակայքում կառուցվող մարզամշակութային համալիրի կառուցման գործում ցուցաբերած աջակցության համար: «Սահմանամերձ շրջանները գտնվում են մեր կառավարության ուշադրության կենտրոնում, սակայն սփյուռքահայության աջակցությունը կնպաստի այդ ծրագրերի առավել արդյունավետ և արագ իրագործմանը»,- նշել է նախարար Ղազարյանը:
Սպարապետ Ս. Քրաջյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և նշել, որ «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը մեծ ուրախությամբ կշարունակի իր աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հատկապես այն ծրագրերին, որոնք իրագործվում են ի նպաստ երեխաների ուսումնառության և կրթության:
Նշենք, որ «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը հիմնադրվել է 1916 թվականին, ունի 24 մասնաճյուղ ԱՄՆ-ում և գրասենյակ Հայաստանում: