ՖԻՖԱ-ն պաշտոնից հեռացրել է Բլատտերին, Պլատինիին ու Վալկեին
Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիայի էթիկայի կոմիտեն պաշտոնից ազատել է մի շարք ազդեցիկ պաշտոնյաների: Կոմիտեի արբիտրաժային պալատը նման որոշում է կայացրել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերի, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի ու ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի նկատմամբ: Նրանք հեռացվել են 90 օրով: Այդ ժամկետը կարող է ավելացվել 45 օրով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Չոն Մոնջունը որակազրկվել է 6 տարով ու տուգանվել 100 հազար շվեյցարական ֆրանկով:
Կոմիտեն հրաժարվել է մեկնաբանել իր որոշումների դրդապատճառները, քանի դեռ դրանք վերջնական չեն դարձել:
Բլատտերի փաստաբանները համարում են, որ ՖԻՖԱ-ի նախագահի հեռացումն անհամաչափ քայլ է: Մասնավորապես՝ Ռիչարդ Կալլենը, ով ներկայացնում է Բլատտերի շահերը, հաղորդել է, որ ՖԻՖԱ-ի ղեկավարին հիասթափեցրել է կոմիտեի որոշումը: Նրա խոսքերով՝ Շվեյցարիայի դատախազության հետաքննությունը սխալ է մեկնաբանվել, իսկ Բլատտերին մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին տեղեկացնում է «Mirror»-ը:
Էթիկայի կոմիտեի մամուլի քարտուղար Անդրեաս Բանտելը հայտարարել է, որ Պլատինիի հեռացումը չի ենթադրում, որ նա զրկվում է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: Նրա խոսքերով՝ այդ հարցով պետք է զբաղվի ՖԻՖԱ-ի ընտրական հանձնաժողովը: Այս մասին հայտնում է AFP-ն: