Ըմբիշ Սարգիս Քոչարյանը՝ Համաբանակային 6-րդ խաղերի բրոնզե մեդալակիր
Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում շարունակվում են Համաբանակային 6-րդ ամառային խաղերը:
Հոկտեմբերի 9-ին մրցագորգ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշներ Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ) և Սարգիս Քոչարյանը (80 կգ):
80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը պայքարն սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 8:0 հաղթել է մոնղոլ Բոլդբատար Օչիրին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 8:3 հաշվով առավելության է հասել կորեացի Ջուն Հյունգ Կիմի նկատմամբ: Կիսաեզրափակիչ գոտեմարտում նա 1:4 հաշվով զիջել է ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովին: Բրոնզե մեդալի համար պայքարում Քոչարյանը 3:0 հաշվով հաղթել է լիտվացի Ջուլիուս Մատուզևիչիուսին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 8:0 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրան Նասիբովին: Քառորդ եզրափակչի բավական լարված պայքարում հայ ըմբիշը 4:5 հաշվով զիջել է իրանցի Մուհամադալի Գերայեին: Վերջինս հասել է եզրափակիչ, ինչն Ալեքսանյանին հնարավորություն էր տվել շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 4:2 հաշվով առավելության է հասել հնդիկ Յարդավի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար պայքարում Ալեքսանյանը տուշեով (4:10) պարտվել է Եգիպտոսի ներկայացուցիչ Իբրահիմ Էլդսուկիին:
59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է ռուս ըմբիշին և դուրս մնացել պայքարից:
Համաշխարհային բանակային խաղերն անցկացվում են արդեն 6-րդ անգամ: Այս տարի խաղերին մասնակցում են 110 երկրի 8700 մարզիկ: Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Համաբանակային խաղերին: Մեր հավաքականը Կորեա է մեկնել 15 մարզիկով, ովքեր իրենց ուժերն են չափում հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտում, ձյուդոյում, թաեքվոնդոյում և հեծանվասպորտում: