«Kurir». ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի Հայաստան-Ալբանիա ֆուտբոլային խաղը
Ալբանիայի հավաքականի ներկայացուցիչները Հայաստանի հավաքականի 4 խաղացողների 500 հազարական եվրո են վճարել «Եվրո-2016»-ի ընտրական փուլում հաղթանակի (3:0) համար: Այս մասին տեղեկացնում է sport-express.ru-ն՝ հենվելով opozita.com-ի տարածած տեղեկատվության վրա: Նշենք, որ այդ հաղթանակի շնորհիվ ալբանացիները 2-րդ տեղն են զբաղեցրել «I» խմբի մրցաշարային աղյուսակում և իրենց պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել:
Սերբական «Kurir»-ը նշում է, որ ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի այդ խաղը՝ պարզելու համար՝ արդյոք այն պայմանավորվա՞ծ է եղել:
Եթե հակաօրինականության ապացույցներ գտնվեն, ապա Ալբանիայի հավաքականին դուրս կթողնեն «Եվրո-2016»-ի մասնակիցների շարքից: Նրա տեղը կզբաղեցնի Դանիայի ընտրանին, իսկ անցումային փուլի խաղերին կմասնակցի Սերբիայի ազգային հավաքականը:
Հիշեցնենք, որ Ալբանիայի ազգային թիմը վաստակած 14 միավորից 3-ն ստացել է ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշման շնորհիվ: Սերբերի հետ արտագնա հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում անօդաչու սարք է հայտնվել՝ ալբանացի ազգայնականների դրոշով: Սերբ ֆուտբոլիստներից մեկը փորձել է պատռել այն, սակայն գրոհի է ենթարկվել մրցակիցների կողմից: Խաղադաշտում զանգվածային ծեծկռտուք է սկսվել, և խաղը դադարեցվել է: Արդյունքում Սերբիայի ընտրանուն պարտություն է գրանցվել 0:3 հաշվով, այդ թիմից նաև լրացուցիչ 3 միավոր են հանել և պարտադրել տնային 2 խաղն անցկացնել առանց երկրպագուների աջակցության:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովը վճռականորեն հերքել է իր թիմի ֆուտբոլիստներին գնելու հնարավորությունը: