Եվրոպայի խորհուրդը շարունակելու է ուշի-ուշով հետևել Հայաստանում կատարվելիք բարեփոխումների ընթացքին. Կոլումբիե

10:11 18/03/2010 » Աշխարհում

Եվրոպայի խորհուրդը շարունակելու է ուշի-ուշով հետևել Հայաստանում կատարվելիք բարեփոխումների ընթացքին. Կոլումբիե

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովին նախօրեի նիստում ներկայացված ժամանակացույցով Հայաստանի իշխանությունները պարտավորվում են մինչև տարեվերջ բարեփոխել ընտրական համակարգը և համապատասխան փոփոխություններն ընդունել խորհրդարանում, որպեսզի հնարավորություն ստեղծվի 2011 թվականից արդեն նախապատրաստվել հաջորդ ընտրություններին: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Բարեփոխումներին ուղղված առաջին քայլերը, ըստ Դավիթ Հարությունյանի, կատարված կլինեն արդեն իսկ մինչև ԵԽԽՎ ապրիլյան վեհաժողովը:

Ինչ վերաբերում է ժամանակացույցում ներառված ոստիկանական և ընդհանրապես իրավական համակարգերում կատարվելիք բարեփոխումներին, Դավթի Հարությունյանն ասել է.

«Ոստիկանության և ընդհանրապես իրավապահ մարմինների գործողությունների բողոքարկման հետ կապված հայեցակարգը ներկայացված է արդեն Եվրոպայի խորհրդին՝ քննարկման համար, և մենք ակնկալում ենք շատ շուտով՝ մեկամսյա ժամկետում, փորձագիտական եզրակացությունը հայեցակարգի հետ կապված, որից հետո կսկսվի արդեն՝ բուն օրենսդրական աշխատանքը: Նոր օրենքի մասին է խոսքը՝ հավաքների ազատության վերաբերյալ, սակայն դրա ժամանակացույցը մենք կներկայացնենք մինչև ապրիլյան նստաշրջան: Մամուլի ազատության վերաբերյալ միակ հարցադրումը, որ մենք ներկայացրել ենք այստեղ, դա այն է, որ, ինչպեսև նախատեսված էր, հուլիս ամսին անցկացվելու է մրցույթը»:

Ըստ Դավիթ Հարությունյանի, Հայաստանի հարցով համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն դրական է գնահատել ներկայացված ժամանակացույցը և ողջունել է փոփոխություններ կատարելու՝ Հայաստանի իշխանությունների ցանկությունը:

«Եվրոպայի խորհուրդը շարունակելու է ուշի-ուշով հետևել Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարված բարեփոխումների կատարմանը», - ասել է Կոլոմբիեն։

Անդրադառնալով ընդդիմության` ՀԱԿ-ի և «Ժառանգության» կողմից ԵԽԽՎ-ին ներկայացված առանձին ժամանակացույցերին, Դավիթ Հարությունյանը նշել է, որ դրանք նիստում չեն քննարկվել:

«Սակայն հետագայում դիտարկվելու են ներկայացված առաջարկությունների համատեքստում», -հավելել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Ըստ աղբյուրի, ենթադրվում է, որ ապրիլին, Հայաստանի հարցով համազեկուցողները կժամանեն Հայաստան և տեղում կքննարկեն ներկայացված բարեփոխումների կատարման ընթացքը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց