20:09 19/03/2010 » Քաղաքական

Էրդողանը հրաժարվել է ներողություն խնդրել իր հայտարարության համար

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ - AKP) կուսակցության կենտրոնակայանում հրավիրված նահանգապետերի ժողովում հանդես է եկել որոշակի պարզաբանումներով` կապված Թուրքիայում անօրինական բնակություն հաստատած 100 հազար հայերի հնարավոր վտարման մասին` իր հայտարարության հետ:

Թուրքական «Սի Էն Էն թուրք» (CNNTurk) լրատվական ծառայության հաղորդմամբ` Էրդողանը մեղադրել է միջազգային մամուլին իր հայտարարության բովանդակությունն աղավաղելու համար: Ըստ նրա, միջազգային հրապարակումներում չի նշվել, որ հնարավոր վտարումը վերաբերում է բացառապես ապօրինի ներգաղթյալներին:

«Մեր հանրապետության քաղաքացիներ հանդիսացող հայերի մասին չի եղել խոսքս»,- ասել է Էրդողանն ու ընդգծել, որ իր այդ հայտարարությամբ ցանկացել է ընդամենը ի ցույց դնել Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ դրսևորած «հանդուրժողական կեցվածքը»:

Թուրքական կառավարության ղեկավարը նաև նշել է, որ իր հայտարարություններն, իբր, նենգափոխվել են: Քննադատել է բոլոր նրանց, ովքեր իրեն կոչ են անում ներողություն խնդրել ասվածի համար:

«Հայերի վերաբերյալ իմ խոսքերը շրջել ցանկացողներին և ինձ ներողության դրդողներին եմ դիմում. Մենք շատ լավ գիտենք, թե ումից պետք է ներողություն խնդրենք: Դուք ո՞ւմ դատապաշտպանն եք: Ճշմարիտ եղեք»,- դժգոհել է Էրդողանն ու կոչ արել, որ այդ դատապաշտպանությունը գոնե Թուրքիայի ու թուրք ժողովրդի օգտին անեն:

Հիշեցնենք, որ մինչ այդ «ԲիԲիՍի» հեռուստաընկերության թուրքական ծառայության տված հարցազրույցում Էրդողանը սպառնացել էր, որ ի պատասխան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման` Թուրքիայից զանգվածային արտաքսման կենթարկի Հայաստանից ժամանած ներգաղթյալներին: Այս հայտարարությունը քննադատության ենթարկվեց ոչ միայն միջազգային հանրության կողմից, այլև լուրջ բողոքի ալիք էր բարձրացրել Թուրքիայի հասարակական ու քաղաքական շրջանակներում: Նման վարքագիծը խստորեն դատապարտել են նաև Թուրքիայի ազդեցիկ ընդդիմադիր կուսակցությունները` այդ հայտարարությունը որակելով «վտանգավոր ու անհաջող»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց