Ռուսաստանի կողմից տապալված սիրիական բանաձևին հաջորդել է Արևմուտքի սուր արձագանքը

10:50 06/02/2012 » Քաղաքական

Ռուսաստանի կողմից տապալված սիրիական բանաձևին հաջորդել է Արևմուտքի սուր արձագանքը

Միացյալ Նահանգների, արաբական պետությունների և եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ քննադատել են Ռուսաստանի վետոն սիրիական բանաձևի վրա` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

Հիշեցնենք, շաբաթ օրը Անվտանգության խորհրդում Ռուսաստանն ու Չինաստանը վետո են կիրառել Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ բանաձևի նկատմամբ, մինչդեռ ԱԽ անդամ մնացած բոլոր 13 պետությունները, այդ թվում Ադրբեջանը կողմ են քվերակել բանաձին: Սա արդեն երկրորդ բանաձևն է Սիրիայի վերաբերյալ, որը ռուսական կողմի վետոյի պատճառով չի հաստատվում Անվտանգության խորհրդում:

Դեպքերի նման զարգացման հավանականության մասին շաբաթ օրը հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նշելով, թե եթե Միացյալ Նահանգները ցանկանում են ևս մեկ սկանդալ ստանալ ՄԱԿ-ում, ապա կարող են քվերակության դնել բանաձևը:

Մարոկկոյի կողմից ներկայացված բանաձևում խոսվում էր Բաշար ալ-Ասադի հրաժարականի և իշխանությունը փոխնախագահին փոխանցելու անհրաժեշտության մասին, մինչդեռ ռուսական կողմը պահանջում էր առավել հավասարակշռված մոտեցում և հակամարտող կողմերի` թե ընդդիմության և թե իշխանությունների գործողությունների հավասար դատապարտում:

Բանաձևի ձախողումից հետո ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «ծաղրանկարչություն» է որակել Ռուսաստանի գործողությունները: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը «նողկալի» է անվանել վետոն և հայտարարել, թե այսուհետ «սիրիացի խաղաղ բնակչի թափված արյան համար պատասխանատու են բանաձևը արգելափակած երկրները»:

Ռուսաստանի վետոն ԱԽ-ում քննադատել են նաև Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն ու Ֆրանսիայի ղեկավար Նիկոլա Սարկոզին: Վերջին նշել է, թե նման քայլով Ռուսաստանը խրախուսում է Ասադին` շարունակել երկրում խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացվող արյունահեղությունը:

Ռուսական և չինական վետոն ողջունած սակավաթիվ երկրների շարքում է Իրանը: Իսլամական հանրապետության ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին վետոյի կիրառումը ճշմարիտ քայլ է որակել, միաժամանակ մեղադրելով արևմուտքին ՄԱԿ-ի ԱԽ-ն սեփական քաղաքականությանը ծառայեցնելու նպատակներով օգտագործելու համար:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց