Դնեպրոպետրովսկում պայթյունների տուժածների թիվն հասել է 29-ի
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում այսօր արձանագրված պայթյունների արդյունքում տուժածների թիվը հասել է 29-ի: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը` հղում անելով Ուկրաինայի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Մարգարիտա Վելկովայի հայտարարությանը:
Արդեն հայտնի է, որ Դնեպրոպետրովսկի դատախազությունը միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցել՝ տեղի ունեցածը որակելով որպես ահաբեկչություն: Քաղաք է ժամանել երկրի ՆԳ նախարար Վիտալի Զախաչենկոն: Նախագահ Յանուկովիչն, իր հերթին, հանձնարարել է ձևավորել հատուկ հանձնաժողով միջադեպի հանգամանքները հետաքննելու նպատակով: Միաժամանակ, Գերագույն Ռադան արտահերթ նիստ է հրավիրել:
Հակասական տեղեկություններ են ստացվում քաղաքում տիրող խուճապի վերաբերյալ: Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, թե անվտանգության նկատառումներից ելնելով էվակուացվել է Դնեպրոպետրովսկի երկաթուային կայարանը: Չհաստատված տվյալներով, քաղաքում հատուկ ծառայության ջոկատները ենթադրյալ հանցագործներին վնասազերծելու նպատակով գործողություններ են ծավալել:
Հիշեցնենք, այսօր կեսօրին Դնեպրոպետրովսկ քաղաքում հաջորդաբար չորս պայթյուն էր որոտացել: Լրատվամիջոցները մ,ինչդեռ հաղորդում էին 5 և ավելի պայթյունների մասին:
Առաջին պայթյունը տեղի էր ունեցել տրամվայի կանգառում, ինչի արդյունքում վիրավորվել է 5 մարդ, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Պայթյունի ալիքից փշրվել էին տրամվայի և մոտակայքում կայանված մեքենաների ապակիները:
Երկրորդ պայթյունը րոպեներ անց տեղի է ունեցել «Ռոդինա» կինոթատրոնի մոտակայքում: Նախնական վարկածով, աղբարկղում գործի է դրվել է ինչ-ոչ պայթուցիկ սարք: Եվս երկու պայթյուններ որոտացել էին «Պրիվոկզալնի» և Կարլ Մարքսի պողոտաներում: