Չինաստանը ընդլայնում է իր ներկայությունը ԱՄՆ-ի հետ հակասություններ ունեցող երկրներում
Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինի Վենեսուելա այցի շրջանակներում այդ երկրի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի հետ հանդիպումից հետո ստորագրվել է չին-վենեսուելական 38 համաձայնագիր:
Պեկինը և Կարակասը կհամագործակցեն վենեսուելական նավթի, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտում: Չինաստանը նաև 4 միլիարդ դոլարի վարկ կտրամադրի Կարակասին՝վենեսուելական նավթի և նավթամթերքների դիմաց:
Չինական էքսպանսիա՝ ԱՄՆ-ի կենսական շահերի տարածքում
Մինչև Կարակաս ժամանելը, Չինաստանի առաջնորդը լատինաամերիկյան իր շրջագայության ընթացքում այցելել էր Արգենտինա և Բրազիլիա, իսկ Վենեսուելայից Սի Ձինպինը կուղևորվի Կուբա:
Չինաստանի և Վենեսուելայի միջև սկսած 2001թ.-ից ստորագրվել է ավելի քան 200 համաձայնագրեր: 2001թ.-ից մինչև այսօր երկկողմ ապրանքաշրջանառության մակարդակը ավելացել է 40 անգամ՝հասնելով 19.2 միլիարդ դոլարի:
Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը հուլիսի 15-23-ը պետական այցեր է կատարում Բրազիլիա, Արգենտինա, Վենեսուելա և Կուբա: Չինաստանի նախագահի այցը Լատինական Ամերիկա նոր էջ է բացելու լատինաամերիկյան երկրների և Պեկինի միջև փոխհարաբերություններում:
Նախատեսվում է, որ Չինաստանի ղեկավարի այցի ընթացքում Պեկինի և վերոնշյալ երկրների միջև ստեղծվելու է Չինաստանի և լատինաամերիկյան ու կարիբյան երկրների միավորումը: Այս տարի Պեկինում տեղի կունենա նոր կազմակերպության նախարարական առաջին ժողովը:
Չինաստանը և Լատինական Ամերիկան վերջին տասնամյակի ընթացքում ակտիվացրել են երկկողմ տնտեսական կապերը: Եթե 2000թ.-ին Չինաստանի և լատինաամերիկյան երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում էր 12.6 միլիարդ դոլար, ապա 2013թ.-ին այդ ցուցանիշը հասավ 261.5 միլիարդ դոլարի:
Չինաստանի ղեկավարությունը հույս ունի մինչև 2017թ.-ը ապրանքաշրջանառության մակարդակը հասցնել 400 միլիարդ դոլարի: Պեկինը լատինաամերիկյան երկրներում կառուցում է քաղաքներ, ավտոճանապարհներ և երկաթուղիներ, ինչպես նաև ներդրումներ է կատարում Լատինական Ամերիկայի բնական ռեսուրսներով հարուստ երկրներում:
Անտեսելով «չարի առանցքը». Պեկինը զգում Իրանի նավթի կարիքը
Էներգետիկ ռեսուսրների կարիք ունեցող Չինաստանը զարգացնում է հարաբերությունները նաև Իրանի հետ, ով մինչև վերջերս սուր հակամարտության մեր էր Արևմուտքի և առաջին հերթին ԱՄՆ-ի հետ: Իրանի տնտեսության նավթագազային և այլ հատվածներ գտնվում են միջազգային խիստ պատժամիջոցների ներքո: Չին-իրանական հարաբերությունների հիմքում ընկած է Պեկինի հետաքրքրությունը իրանական նավթի և գազի նկատմամբ: Չինաստանը շարունակում է մեծ քանակությամբ նավթ գնել Իրանից՝անտեսելով արևմտյան պատժամիջոցները: 2013թ.-ի դրությամբ Իրանի և Չինաստանի երկկողմ ապրանքաշրջանառությունը հասել է 31 միլիարդ դոլարի:
Տնտեսականին զուգահեռ բավականին ակտիվ է իրանա-չինական ռազմա-տեխնիկական համագործակցությունը: Դեռևս 1980-1988թթ.-ի իրանա-իրաքյան պատերամի օրերին Չինաստանը Իրան էր առաքել 2 միլիարդ դոլարի զենքեր:
Տեղեկություններ կան, որ Չինաստանը աջակցում է Իրանին որոշ զինատեսակների արտադրության մեջ, այդ թվում նավերի դեմ գործածվող հրթիռային համակարգերի ստեղծման մեջ:
ԱՄՆ-ը շատ ցավագին է վերաբերվում չին-իրանական թե տնտեսական, թե ռազմա-քաղաքական համագործակցությանը: Դեռևս 2011թ.-ին ԱՄՆ-ի Կոնգրեսը հայտարարել է, որ Պեկինը շարունակում է նորագույն զինատեսակներ մատակարարել Իրանին, այդ թվում C-802 համակարգեր:
Բիզնես, այլ ոչ թե ժողովրդավարություն. Քադդաֆին Պեկինի տնտեսական դաշնակից
Պեկինը բավականին արդյունավետ համագործակցում էր նաև հակաամերիկյան արտաքին քաղաքականության որդեգրած քադդաֆիական Լիբիայի հետ: Մինչև Լիբիայում տեղի ունեցած պետական հեղաշրջումը և Մուամմար Քադդաֆիի սպանությունը, Չինաստանի և Լիբիայի երկկողմ ապրանքաշրջանառությունը հասնում էր 7 միլիարդ դոլարի, իսկ Պեկինը յուրաքանչյուր տարի Լիբիայից առաքում էր 150.000 բարել նավթ:
Չինաստանը Լիբիայում մասնակցում էր խոշոր ենթակառուցվածքային նախագծերի՝երկաթգծերի, հեռահաղոդակցության ոլորտում շինարարական աշխատանքներին: Պատահական չէ, որ Լիբիայում բռնկված ճգնաժամից հետո այդ երկրից տարհանվել էր 35.000 չինացի:
Քադդաֆիի հետ Չինաստանը ստորագրել էր 15 միլիարդ եվրոյի համաձայնագրեր և այդ երկրում իշխանափոխությունից հետո Պեկինի փորձում է հարաբերություններ հաստատել նոր կառավարության հետ և պահպանել իր տնտեսական շահերը այդ երկրում:
Սուդանի նավթը ավելի կարևոր է. Պեկինը անտեսնում է միջազգային հանրության կարծիքը
Չինաստանը զարգացնում է իր կապերը նաև Աֆրիկա մայրցամաքի և հատկապես Սուդանի հետ, որտեղ Պեկինը ունի նավթագային հետաքրքություններ:
2013թ.-ին Չինաստանի և աֆրիկյան երկրների միջև ապրանքաշրջանառությունը նոր ռեկորդ է սահմանել` հասնելով 210.2 միլիարդ դոլարի, ինչը 5.9%-ով գերազանցում է 2012թ.-ի ցուցանիշները:
Նախորդ տարի Չինաստանը Աֆրիկա է արտահանել 92.8 միլիարդ դոլարի ապրանք, իսկ աֆրիկյան մայրցամաքից Չինաստան արտահանումը կազմել է 117.6 միլիարդ դոլար: Այս պահի դրությամբ, Չինաստանի կապիտալով Աֆրիկայում ստեղծվել է ավելի քան 2000 ձեռնարկություն՝ գյուղատնտեսության, վերամշակման, ենթակառուցվածքային և այլ ոլորտներում:
Փորձագետների գնահատականներով, 2014թ.-ին երկկողմ ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 300 միլիարդ դոլարի:
Չինաստանը Սուդանում զբաղվում է նավթի արդյունահանմանբ և Պեկինի համար շատ կարևոր է պահպանել բարեկամական հարաբերությունները Սուդանի հետ՝անտեսելով նրա առաջնորդ Օմար ալ-Բաշիրի դեմ միջազգային տարբեր ատյանների հնչեցրած գնահատականները և Դարֆուրում իրականացված ցեղասպանության մեջ մեղադրանքները:
Պեկինը, նավթային ոլորտում համագործակցությունից բացի, ակտիվացրել է նաև ռազմական ոլորտում համագործակցությունը Սուդանի հետ: Պեկինը սուդանական ռեժիմին է մատակարարել «Туре 96» 200 միավոր տանկեր, հրթիռային WS-2 համակարգեր, կործանիչներ և այլ զինտեխնիկա:
Արտյոմ Բալասանով
Նախորդող հրապարակում՝
Չինաստանը տնտեսապես նվաճում է ԱՄՆ-ի կենսական շահերի տարածք համարվող Լատինական Ամերիկան