Ս. Լավրով. «Հայաստանը մոտ ապագայում կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ»
Եվրասիական տնտեսական միությունը, որը ստեղծվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից բաց է ԱՊՀ այլ երկրների համար, որոնք կիսում են եվրասիական ինտեգրացիոն նախագծերի գաղափարը: Ըստ «Ռիա-Նովոստի» գործակալության` նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Դուշամբեում տաջիկ երիտասարդ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ:
«Մոտ ապագայում Հայաստանի Հանրապետությունը կդառնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ, Ղրղզստանի հետ բանակցություններն էլ գտնվում են ընթացիկ փուլում: Միությունը բաց է ԱՊՀ բոլոր այն երկրների համար, որոնք կիսում են եվրասիական ինտեգրացիոն գաղափարի նպատակներն ու սկզբունքները: Առկա փորձը ցույց է տալիս, որ ինտեգրացիոն գործընթացները թույլ են տալիս ամրապնդել դրանցում ընդգրկված պետությունների մրցակցային առավելությունները, խթանել տնտեսական զարգացումը և բարելավել քաղաքացիների կյանքը»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:
Լավրովը միաժամանակ հավելել է, որ ԱՊՀ երկրների հետ սերտ կապերի պահպանումը հանդիսանում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հեռահար և ռազմավարական նշանակության առանցքային նպատակներից մեկը: