Ռուսաստանը խոստացել է պատասխանել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը
Ռուսաստանի Դաշնությունը խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել Հյուսիս-ատլանտյան դաշինքի արևելյան ուղղությամբ ընդլայնմանը: Այս մասին, «Լենտա.ռու» կայքի փոխանցմամբ, հաղորդագրություն է տարածել ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը:
«Ռուսաստանը քայլեր կձեռնարկի արևելյան ուղղությամբ Հյուսիս-ատլանտյան դաշինքի ընդլայնմանը՝ սեփական անվտանգությունը պահելու համար», - հայտարարել է ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունը, արձագանքելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի՝ բրիտանական «The Guardian» պարբերականին նախօրեին տված հարցազրույցին:
Ռուս դիվանագետների խոսքերով, Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ավելացումը կվնասի տարածաշրջանում կայունությանը:
Ռուս դիվանագետները նաև նշում են, թե ՆԱՏՕ-ն Ռուսաստանը դիտարկում է որպես մրցակից, և որ դաշինքն առավել կշահի, եթե իր արևելյան դաշնակիցներին վախեցնելու փոխարեն իր ուշադրությունը սևեռի գլոբալ անվտանգության խնդիրների վրա:
Նշենք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն օգոտստոսի 27-ին «The Guardian» թերթի հետ զրույցում պատմել էր Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների պատճառով Արևելյան Եվրոպայում ռազմական բազաներ ստեղծելու ծրագրերի մասին: Բացի այդ, գլխավոր քարտուղարը Մոսկվայից եկող սպառնալիքները չեզոքացնելու համար կարևորել էր ուկրաինական բանակը արդիականացնելու հարցը: