Վենետիկի կինոփառատոնում կայացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի պրեմիերան (տեսանյութ, լուսանկարներ)
Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնում նախօրեին կայացել է ծագումով թուրք, գերմանացի կինոռեժիսոր Ֆաթիհ Ակինի ` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» ֆիլմի պրեմիերան: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից:
Ֆիլմը մասնակցում է հիմնական մրցույթին՝ պայքարում «Ոսկե առյուծ» մրցանակի համար:
Ֆիլմը պատմում է հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին, ով փրկվելով Ցեղասպանությունից, տարիներ անց պատահաբար հայտնաբերում է, որ իր զույգ աղջիկները կարող են ողջ լինել և սկսում է փնտրել նրանց` հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա: 138 րոպե տևողությամբ ֆիլմը անգլերեն տարբերակով է, սցենարը գրվել է ֆիլմի ռեժիսորի և Մարտիկ Մարտինի կողմից: Ֆիլմում խաղում են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազինը և այլք: Ֆիլմի պրոդյուսերներից են Ռուբեն Դիշդիշյանը և Արամ Մովսեսյանը:
Նախքան ֆիլմի ցուցադրությունը, ֆիլմի ռեժիսորը, դերասանները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Ռեժիսոր Ֆաթիհ Ակինը պատմել է ֆիլմի մասին, այնուհետև ասել. «Սա հերոսի ճամփորդությունն է, որի ընթացքում նա ազատվում է կրոնի սահմաններից և դոգմաներից: Քանի դեռ կա հույսը, կա հոգևոր աշխարհը»:
Նշենք, որ թուրք ազգայնականների խմբի կողմից ավելի վաղ սպառնալիքներ էր տեղացել կինոռեժիսոր Ֆաթիհ Ակինի հասցեին: Ըստ թուրք ազգայնականների, այս ֆիլմը այն հաջորդական քայլերից մեկն է, որով Թուրքիային ստիպում են ընդունել կեղծ իրողություններ:
Նախորդող հրապարակումներ՝
Թուրք ազգայնականները սպառնում են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարած հայտնի ռեժիսորին
Հայոց ցեղասպանությանը նվիրված թուրք ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում