ՄԱԿ Գլխավոր Ասամբելան Պաղեստինին աջակցող 5 բանաձև է ընդունել
ՄԱԿ Գլխավոր Ասամբելան Պաղեստինին աջակցող և Իսրայելի վերաբնակեցման ու օկուպացիոն գործունեությունը դատապարտող 5 բանաձև է ընդունել: Փաստաթղթերն ուղղված են պաղեստինցի ժողովրդի ինքնորոշմանը նպաստելուն, ինչպես նաև մերձավորարևելյան խնդրի լուծմանը: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
«Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորումը» բանաձևում նշվում է բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին, որը հիմնված կլինի հստակ չափանիշների վրա ու ժամանակացույց կունենա: Բանակցությունները պետք է նպաստեն հարցի արդար, ամուր ու համալիր կարգավորման արագացմանը:
Փաստաթղթում կոչ է արվում Իսրայելին դադարեցնել իր վերաբնակեցման քաղաքականությունը պաղեստինյան օկուպացված տարածքներում` ինչպես Արևելյան Երուսաղեմում, այնպես էլ սիրիական Գոլանի բարձունքներում: Բանաձևում Իսրայելից պահանջվում է նաև հեռանալ 1967 թվականից օկուպացված տարածքներից, այդ թվում Արևելյան Երուսաղեմից:
Մեկ այլ բանաձևում Գլխավոր Ասամբելան Իսրայելից պահանջել է անհապաղ դադարեցնել «բոլոր անօրինական և միակողմանի միջոցները», որոնք ուղղված են «Սուրբ քաղաքում` Երուսաղեմում, իր օրենքներն ու իրավասությունները տարածելուն»:
Եվս երեք փաստաթուղթ վերաբերում են ներքին ընթացակարգերին և կազմակերպությունների նախաձեռնություններին` ուղղված հակամարտության կարգավորանը և պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման անօտարելի իրավունքների պահպանմանը: