«Ինտերվենցիա»...Երիտասարդները ներկայացնում են իրենց արվեստը
Դեկտեմբերի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Ինտերվենցիա» խորագիրը կրող գրական-երաժշտական երեկո-ցուցահանդեսը: Միջոցառման շրջանակներում երիտասարդ նկարիչները, գրողները, կոմպոզիտորները ներկայացնելու են իրենց ստեղծագործություններ: Այս մասին ասուլիսում տեղեկացրեց ծրագրի համակարգող Հասմիկ Խեչիկյանը:
Նշենք, որ միջոցառման կազմակերպիչներն են cultural.am կայքը և Գրողների միությունը մշակույթի նախարարության և երիտասարդական բանկի աջակցությամբ:
Կոմպոզիտոր Հովիկ Սարդարյան էլ ավելացրեց, որ երեկոյի ընթացքում կցուցադրվեն երիտասարդ նկարիչների աշխատանքները, գրողները կընթերցեն իրենց ստեղծագործություններ, իսկ երկրորդ բաժնում կլինի հինգ երաժշտական պրեմիերա. կհնչեն երիտասարդ կոմպոզիտորների վոկալ-գործիքային ստեղծագործությունները` գրված երիտասարդ բանաստեղծների տեքստերով:
Հ. Խեչիկյանն ասաց, որ cultural.am նախագծի նպատակն է համախմբել երիտասարդ ստեղծագործողներին, քանի որ նրանք չեն ճանաչում միմյանց ու ապահովել շփում նրանց միջև: «Հերթական միջացառումն այդ նպատակին հասնելու միջոց է»,- նշեց նա:
Նրա խոսքով, ծրագիրը լինելու է շարունակական, նախատեսում են հաջորդ տարի ժամանակակից արվեստի փառատոն կազմակերպել` ընդգրկելով նաև մարզերը, որի ընթացքում կանցկացվեն դասախոսություններ, տարբեր միջոցառումներ: