ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԿԲ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդն այսօր կայացած նիստում հաստատել է վարչապետի պաշտոնում Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը: Կուսակցության խորհրդի 98 անդամներից ներկա 90-ը միաձայն են հաստատել նորընտիր նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու առաջարկը:
Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է ապրիլի 9-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում՝ Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում: Սահմանադրության համաձայն, Հայաստանի նախագահը, իր կողմից պաշտոնը ստանձնելու կապակցությամբ կառավարության հրաժարականից տասն օրվա ընթացքում պետք է ներկայացնի վարչապետի թեկնածությունը: Կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում:
Տիգրան Սարգսյանը ծնվել է 1960թ. հունվարի 29-ին՝ Կիրովական քաղաքում: 1978-1980թթ. սովորել է Ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտության և պլանավորման ֆակուլտետում, իսկ 1980-1983թթ.՝ ավարտել է Լենինգրադի Ի.Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտը: Տ. Սարգսյանը տնտեսական գիտությունների թեկնածու է, 2005թ.-ից՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսրանաի պատվավոր դոկտոր:
1987-1990թթ աշխատել է տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում որպես միջազգային տնտեսական կապերի բաժնի պետ: 1988-1993թթ եղել է երիտասարդ մասնագետների ու գիտնականների հանրապետական խորհրդի նախագահը, 1990-1991թթ՝ բանկիրների համար տնտեսական բարեփոխումների հիմնական խնդիրների վերաբերյալ անցկացվող մշտական սեմինարների կազմակերպության համակարգող:
1993-1994թթ. բանկային գործ է դասավանդել Երևանի պետական համալսրանում: 1990-1995թթ եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, Գերագույն խորհրդի ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ: 1995-1998թթ. եղել է Հասարակական բարեփոխումների գիտա-հետազոտական ինստիտուտի տնօրեն: 1998թ. մարտի 3-ից հանդիսանում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը: Այդ պաշտոնում երկրորդ անգամ նշանակվել է 2005թ. մարտի 2-ին՝ յոթ տարի ժամկետով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին