Զորավար Անդրանիկ-145. «Իմ կուսակցութիւնն իմ ազգն է»
«Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար»: «Իմ կուսակցութիւնն իմ ազգն է»: «Մահս չեմ յոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»… Զորավար Անդրանիկ:
Այսօր Զորավար Անդրանիկի` Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է` 145-ամյակը:
1865 թվականի փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում ծնվեց զորահրամանատար և ազգային հերոս, Հայոց ազատագրական շարժման խորհրդանիշներից մեկը` Անդրանիկ Օզանյանը: Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց 1 տարի անց բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ իրականացնելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում է Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու համար։
Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է 1901 թ. Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թ. Անդրանիկն անցնում է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնել է երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում այցելել է Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա, Անգլիա, Բուլղարիա և Իրան՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու դրա հետ կապված զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։ 1912 թ. Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։
Առաջին Աշխարհամարտը սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914 թ. օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվում է ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդի գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ ու հեղինակություն է նվաճում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում։
Գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը, մասնավորապես, գրում էր. «Ես միշտ հանձինս Անդրանիկի տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, որ խորապես սիրում է իր Հայրենիքը։ Ես առանձնակի հաճույքով էի միշտ կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում՝ իբրև ազգային հերոսի, որն իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում` ազգային իդեալները իրագործելու համար»։
Իսկ ռուս հայտնի զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասել է, որ նա «խենթի պես քաջ է»։
1915-1916 թթ. Կովկասյան ճակատի մարտերում ցուցաբերած անձնական արիության և հայկական գնդի հաջողությունների համար Անդրանիկը պարգևատրվում է Գեորգիևյան 4-րդ աստիճանի մեդալով, Գեորգիևյան 4-րդ և 3-րդ աստիճանի խաչերով, Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրի և Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով։
Անդրանիկը վիթխարի դեր է խաղացել Զանգեզուրի պաշտպանությունում։ Չհաշտվելով դաշնակցական կառավարության հետ` 1919 թ. ապրիլին, Զանգեզուրից հասնում է Էջմիածին, ցրում իր զորամասը, ունեցվածքը հանձնում կաթողիկոսին և մեկնում արտասահման։
Անդրանիկը մահացել է 1927 թ. օգոստոսի 30/31-ին ԱՄՆ-ում` սրտի կաթվածից և թաղվել Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվել Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ 2000 թ. այն տեղափոխվել է Հայաստան` Երևանի Եռաբլուր պանթեոն։
Զորավարի ծննդյան առիթով այսօր անցկացվելու են մի շարք միջոցառումներ. Հայաստանի մշակույթի նախարարությունը, նվիրված Անդրանիկ Օզանյանի ծննդյան 145-ամյակին, կազմակերպում է այց Եռաբլուր պանթեոն, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի: Միջոցառում է կազմակերպվելու նաև Արագածոտնի մարզի Ուջան գյուղում. 1919 թվականին Ուջան են հասնում ու բնակություն հաստատում Մեծ եղեռնի սրից փրկված մի խումբ բռնագաղթվածներ, որոնք հիմնականում Զորավար Անդրանիկի զինակիցներն են եղել:
«Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում
նվաճած է 4 գագաթներ. Սուրբ Մեսրոպ,
Կոմիտաս, Կաթողիկե և Անդրանիկ։
Ասոնցմե դուրս ոչինչ ունինք որ ըլլա ճշմարիտ
հաղթանակ և անվիճելի նվաճում»....
Շահան Շահնուրը` Զորավար Անդրանիկի մասին: