Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը կայցելի Հայաստան
Մարտի 2-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Այս մասին հայտնեցին Մայր աթոռ սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Ժողովի օրակարգում անդրադարձ եղավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով մարտի 16-18-ը պաշտոնական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանում կգտնվի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը: Այցի մանրամասները ժողովականներին ներկայացրեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Ըստ այդմ, մարտի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կկատարվի Կիրիլ Պատրիարքի բարիգալստյան «Հրաշափառի» արարողությունը, ապա ներկայությամբ երկու Հայրապետների կկատարվի համաձայնագրի կնքում Սերգիև Պասադի և Էջմիածնի միջև որպես քույր քաղաքների: Այնուհետև երկու Հովվապետերը ծաղկեպսակ կզետեղեն 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս զինվորների հուշակոթողին, որ գտնվում է Էջմիածնից դեպի Օշական ճանապարհին:
Մարտի 17-ին նախատեսվում է այց Ծիծեռնակաբերդ, Հայոց Ցեղասպանության թանգարան և ծառատունկ «Հիշողության» պուրակում: Նույն օրը Ամենայն Հայոց Հայրապետը և Համայն Ռուսիո Պատրիարքը կայցելեն Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի, ուր հանդիպում կունենան Հայաստանի ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ: Ապա Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի կունենա գոհաբանական աղոթք: Մարտի 17-ին երկու Եկեղեցիների պետերը հանդիպում կունենան նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Մարտի 18-ին ծրագրված է Երևանի ռուս ուղղափառ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, ինչպես նաև Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի «Հովվի խոսքը», «Ազատություն և պատասխանատվություն» գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը Երևանի Պետական համալսարանում և երկու գահակալների հանդիպումը ուսանողների, մտավորականների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
Նույն օրը Մայր Աթոռում տեղի կունենա համատեղ հայտարարության ստորագրում, ապա Հրաժեշտի արարողությամբ կավարտվի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի այցը Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ