«Բոլոր ժամանակների ծաղրածուն»` ընդամենը 75 տարեկան
«Ծաղրածուն պիտի ծիծաղեցնի, ծիծաղը պարտադիր է: Ծաղրածուն միշտ զվարճախոս է եղել, բայց հանդուգն զվարճախոս` բոլոր ժամանակների ու բոլոր արքաների մոտ: Նա միշտ միակն է եղել, որ ճշմարտությունն է ասել արքաների երեսին». Լեոնիդ Ենգիբարյան:
Կրկեսի, էստրադայի և կինոյի արտիստ, ծաղրածու, մնջախաղի վարպետ Լեոնիդ Ենգիբարյանն այսօր կբոլորեր իր 75-ամյակը, ցավոք…
Աշխարհաճանաչ ծաղրածուն շատ կարճ կյանք ունեցավ. նա հրաժեշտ տվեց իր կյանքին, երբ ընդամենը 37 տարեկան էր: Չնայած երիտասարդ էր, նա հասցրել էր մեծ ճանաչում ձեռք բերել աշխարհում:
«Հազարավորներ գալիս, շարունակ խոսում և ոչինչ չեն ասում: Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց»,- այսպես է արտահայտվել չեխ նշանավոր արտիստ Միրոսլավ Հորնիչեկն Լ. Ենգիբարյանի մասին, ով կարողանում էր լավագույնս հաղորդակցվել հանդիսատեսի հետ:
Լեոնիդ Ենգիբարյանին աշխարհը կոչել է «Բոլոր ժամանակների ծաղրածու»:
Լ. Ենգիբարյանը ծնվել է 1935թ. մարտի 15-ին` Մոսկվայում: 1959թ ավարտել է Մոսկվայի կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարանը: 1964թ. Պրագայում կայացած ծաղրածուների մրցույթում ճանաչվել է հաղթող: 1971թ. հիմնել է «Մնջախաղի» էստրադային թատրոնը: Ենգիբարյանի մանրապատումների շարքից են` «Փողոցային ակրոբատ», «Մարդ, որի հետ պատերազմել եմ», «Քայլեր», «Մանկական կյանք», «Հովանոց», «Լույս ու ստվեր», «Օլիմպիական մեդալներ», «Ողջն ու մեռածը», «Տոտալ զորահավաք», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Ջութակ» և այլն: Իր ուժերը փորձել է նաև կինոյում: Խաղացել է «Ճանապարհ դեպի կրկես», «Մոռացված նախնիների ստվերները», «Ծանոթացեք, Լեոնիդ Ենգիբարովն է», «2-Լեոնիդ-2» և այլ ֆիլմերում:
ՀԽՍՀ ժաղավրդական արտիստը մահացել 1972թ հուլիսի 25-ին` Մոսկվայում:
«Ենգիբարյանը սոսկ տաղանդավոր ծաղրածու չէր, նա տաղանդավոր արտիստ էր, կրկեսային հումորի տեսաբան, ռեժիսոր, շնորհալի գրող: Կյանքից հեռացավ 37 տարեկան հասակում` նա մնաց հանելուկ», -մի առիթով նշել է Յուրի Նիկուլին:
Մշակույթի նախարարության կողմից կազմված հայ անվանի մարդկանց հոբելյանների ցուցակում ընդգրկված է նաև Լեոնիդ Ենգիբարյանի անունը:
Թեև այսօր նախարարության կողմից ոչ մի միջոցառում չի անցկացվելու, բայց, ինչպես տեղեկացանք, տարվա ընթացքում, լինելու են միջոցառումներ` նվիրված աշխարհահռչակ ծաղրածուին: Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանն ասաց, որ Լ. Ենգիբարյանին նվիրված առաջին միջոցռացումը տեղի է ունենալու Թատրոնի միջազգային օրը` մարտի 28-ին: Այդ օրը Ազգային ժողովի բակում «Մնջախաղի» թարոնի հետ համատեղ կազմակերպվելու է միջոցառում: Տարվա ընթացքում կազմակերպվելու է նաև Լ. Ենգիբարյանի անվան փառատոն, հոբելյանական մեծ միջոցառում:
Իսկ Երևանի պետական կրկեսում արդեն սկսվել են միջոցառումները: Մարտի 7-ին կրկեսի գարնանային խաղաշրջանը բացվել է «Ժպտացեք մարդիկ» ծրագրով, որը նվիրված է Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակին: