«Եղեռն ասելով ողջ աշխարհում պիտի հասկանան Հայոց Ցեղասպանություն»
«Համերաշխություն» շարժումը և կուսակցությունն անցյալ տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային դիմել էին շնորհակալական նամակով, այն բանից հետո, երբ նախագահը ապրիլի 24-ի իր ուղերձում Ցեղասպանության բառի փոխարեն հայերեն Եղեռն բառն էր օգտագործել: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց շարժման և կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Այս տարի ևս «Համերաշխությունը» ԱՄՆ նախագահին նամակ է հղել` հորդորելով խիզախ քայլ կատարել և արտասանել Ցեղասպանություն բառը, պատմական արդարության վերականգման նպատակով ճանաչել Հայոց մեծ Եղեռնը:
Ըստ Ս. Ավետիսյանի հարկավոր էր, որ մեր դիվանագիտությունն օգտագործեր այն հանգամանքը, որ Բարաք Օբաման հայերեն արտասանեց Եղեռն բառը.
«Ինչպես Հոլոքոստ ասելով ամբողջ աշխարհում հասկանում են հրեաների Ցեղասպանություն, այնպես էլ Եղեռն ասելով աշխարհում պիտի հասկանան Հայոց Ցեղասպանություն»,-ասաց Ս. Ավետիսյանը: Բանախոսը նկատեց, որ թուրքական խորհրդարանում «Ազգային շարժում» կուսակցությունը վեր էր հանել այս հարցը, որ Բարաք Օբաման հայերեն Եղեռն բառն արտասանելով` փաստորեն ճանաչել է Ցեղասպանությունը: