Մ.Մայիլյան. «Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի օրինակի կիրառումը ունակ է կանխարգելել նոր պատերազմը տարածաշրջանում»
Դեռևս երկու տարի առաջ ԼՂՀ Հանրային խորհրդի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը հայտարարել էր, թե Ադրբեջանը պետք է ճանաչի ոչ թե Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, այլ ինքնորոշման արդյունքում ստեղծված պետությունը: Բայց քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ դրան, Ղարաբաղը չպետք է իր ճակատագիրը կապի Մինսկի խմբի բանակցությունների հետ, որտեղ Ադրբեջանը լիիրավ կողմ է և, արդյունքում, իր համաձայնությունը պետք է տա:
Panorama.am-ի թղթակիցը փորձեց պարզել Մ.Մայիլյանից, թե ի՞նչ կարծիք ունի նա այսօր այս հարցի վերաբերյալ և արդյո՞ք նույն կարծիքին է, որ Ղարաբաղը չպետք է կապի իր սպասելիքները ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ:
Պարզվեց, որ այս երկու տարիներում ոչինչ էլ չի փոխվել, քանի որ ԼՂՀ Հանրային խորհրդի նախագահը տեսնում է, որ Ադրբեջանն էլ ավելի է կոշտացրել դիրքորոշումները և շարունակում է ցուցադրել, թե չի ցանկանում ճանաչել Ղարաբաղի իրավունքներն ու նաև դրանց իրացման իրավունքը.
«Բաքվում պատրաստ չեն կոմպրոմիսային տարբերակներին և ակնհայտ է, որ ռևանշիստական ծրագրեր են փայփայում, այնպես որ այս պայմաններում ակնկալել, որ Մինսկի խմբի ֆորմատում , որում առկա է նաև Ադրբեջանը, կճանաչվի ԼՂՀ անկախությունը, ըստ իս միամիտություն է»,- ասաց Մ.Մայիլյանը:
Ըստ այդմ, նա հիշեցրեց, որ արդեն տևական ժամանակ է, ինչ հանդես է գալիս առաջարկով` բանակցային գործընթացում մասնակցելուն զուգահեռ, վարել նաև աշխատանքներ անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ: Իսկ այս հարցում որպես օգնական կարող են հանդես գալ սփյուռքյան լոբիստական կազմակերպությունները:
Հիշեցրեց նաև, որ ապրիլի 26-ին ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդը հորդորել է Հայաստանի քաղաքական ուժերին ու լոբիստական կազմակերպություններին դիտարկել Արցախի հանրապետության միջազգային ճանաչման գործընթացն իբրև գերակա: Ի դեպ` այս հորդորին միացել են նաև ԼՂՀ մի շարք հասարակական կազմակերպություններ, ԶԼՄ ներկայացուցիչներ և այլոք:
Իսկ հետո՞: Ի վերջո, ի՞նչ ճակատագիր ունի Մինսկի խմբի գործունեությունը հարցին Մ. Մայիլյանը նշեց, որ միջազգային ճանաչման գործընթացն այսօր գերակա պետք է լինի, քանի որ , նրա խոսքով, թեպետ Ադրբեջանը բանակցություններ է վարում, բայց «անթաքույց պատերազմական գործողությունների է պատրաստվում»:
Այս իմաստով, ըստ նրա, ավելի է կարևորվում ճանաչումը, քանի որ դա Ղարաբաղին անվտանգության ավելորդ երաշխիքներ կբերի` քաղաքական և դիվանագիտական մեթոդների կիրառմամբ:
Ինչ վերաբերում է բանակացություններին, ապա հաշվի առնելով ներկայիս ընթացքը, միջնորդների գործողություններն ու մեթոդոլոգիան, ինչպես նաև Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշումները, դժվար է ակնկալել որևէ կոմպրոմիսային լուծման հավանականություն.
«Այն հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Եվրոպական երկրները նոր մոտեցումներ կցուցաբերեն հակամարտությանը` ճանաչելով, ինչպես արդեն նշեցի, ԼՂՀ անկախությունը, քանի որ միայն այդ ժամանակ է հնարավոր, որ կողմերը համաձայնության գան տարածաշրջանային խաղաղության հարցում »,- նշեց Panorama.am-ի զրուցակիցը:
Վերջում Մ.Մայիլյանը ևս մեկ անգամ նշեց բազմիցս բարձրաձայնած իր տեսակետը, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի օրինակի կիրառումը ունակ է կանխարգելել նոր պատերազմը ու տարածաշրջանում անվտանգության երաշխիք հանդիսանալ, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ դրանով ի վերջո այդքան փափագած խաղաղության հնարավոր կլինի հասնել: