Գ.Մինասյան. Այդ տեղեկանքից ուղղակի նավթի դոլարների հոտ է փչում
ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից այսօրվա ասուլիսում լրագրողները մեկնաբանություն խնդրեցին «Ռեգնում» գործակալության հրապարակած տեղեկանքի վերաբերյալ, որը բնութագրում է 2009-ին Հայաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակը: Տեղեկանքում նախազգուշացումներ կան պատերազմի հնարավոր վերսկսման, բանակի` Լ. Տեր-Պետրոսյանի կողմն անցնելու, հանրապետության գործող նախագահի կողմից իշխանության Աբրահամյան-Ծառուկյան զույգին հանձնելու, հակառուսական տրամադրությունների ակտիվացման և այլնի մասին:
Գ. Մինասյանը խորհուրդ տվեց նման բաներ ընդհանրապես չկարդալ, իսկ ինչ վերաբերում է դրանում արված վերլություններին, ապա դրանք անհիմն որակեց, քանի որ մեկ ու կես տարվա վաղեմության հոդվածում նշված որևէ կանխատեսում չի իրականացվել:
«Ես խորհուրդ կտայի չկարդալ հոդվածներ, որոնք ըստ էության հատուկ նպատակներ են հետպնդում և որևէ ինֆորմացիոն կամ որևէ ներքաղաքական լուրջ վերլուծություններ չեն պարունակում»,-ասաց Գ. Միանսյանը:
Պատգամավորն ասաց, որ տեղեկանքի անհայտ հեղինակը որևէ պատկերացում չունի Հայաստանի արտաքին քաղաքականության մասին: «Կան հատվածներ, որոնք ուղղակի զարմանք են առաջացնում, օրինակ այնտեղ կա ձևակերպում, որ Հայաստանն իր կեցվածքով հրահրում է Ադրբեջանին ԼՂ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Այս հոդվածից ուղղակի նավթի դոլլարների հոտ է փչում»,-ասաց նա: