Ինչքանո՞վ է պատրաստ Ադրբեջանի հասարակությունը պատերազմին. Քաղաքագետը կասկածի տակ է դնում այդ երկրի հաղթանակը պատերազմում
Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի ու Ղարաբաղի դեմ պատերազմում անհավանական է: Այսօր ասուլիսում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով պատերազմի վերսկսման մասին տարածված լուրերը: Հիշելով ղարաբաղյան ազատամարտի տարիները Բոզոյանն ասաց, որ մարդկային ռեսուրսով ու զենք-զինամթերքով մի քանի անգամ գերազանցելով հայկական կողմին, Ադրբեջանը տանուլ տվեց պատերազմում:
«Մեր ռեսուրսները, մեր հզորությունը մեծ է, որովհետև մեզ համար դա ավելի շուտ Հայրենական մեծ պատերազմի պես բան է, իսկ Ադրբեջանի համար տարածքի խնդիր է: Դրանք հոգեբանորեն շատ տարբեր բաներ են», - հայկական հաղթանակի գաղտնիքը բացահայտեց քաղաքագետը:
Նրա խորին համոզմամբ, ադրբեջանական հասարակության հոգեբանական վիճակն այժմ շատ ծանր է` այդ երկրում «աղքատության ու հարստության միջև հսկայական տարբերություն կա, այդ երկրում նավթադոլարներից Ալիևի կլանը հսկայական հարստության է հասել, մինչդեռ միլիոնից ավել մարդ ուղղակի աղքատության մեջ է ապրում»: «Այդպիսի մթնոլորտում ինչքանո՞վ է պատրաստ այդ հասարակությունը պատերազմի», -հարցադրում է անում քաղաքագետ Բոզոյանը:
Ըստ քաղաքագետի, կարևոր առավելություն է Ղարաբաղի աշխարհագրական դիրքը: «Ադրբեջանը հսկայական կորուստների պետք է գնա, որ կարողանա ինչ-որ մի հաջողության հասնել», - հավելեց Բոզոյանը` կասկածի տակ դնելով ադրբեջանական հասարակության տրամադրվածությունը գնալ այդ կորուստներին:
Այսքանով հանդերձ, Բոզոյանն ասաց, որ մի բանում զիջում ենք ադրբեջանական կողմին` տեղեկատվական քարոզչության դաշտում: Քաղաքագետն այս պարագայում անհրաժեշտ է համարում ուժերի հավասարակշռումը, քանի որ հայկական կողմը, ըստ նրա, դրա համար մեծ ներուժ ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին