Մեկ տարվա ընթացքում Հայաստանի կոռուպցիոն վիճակը չի փոփոխվել
Հայաստանում կոռումպացվածության ինդեքսը 2009-ին կազմել է 10 միավորից 2.7 /որքան փոքր է ինդեքսը, այնքան երկիրը կոռումպացված է/, և զբաղեցնում է 120-րդ տեղը: 2008-ի համեմատ` կոռուպցիոն առումով իրավիճակը չի փոփոխվել: 2008-ին ինդեքսը 2.9 էր, Հայաստանն էլ զբաղեցնում էր 109-րդ տեղը: Այսօր «Կոռուպցիան Հայաստանում» զեկույցի ներկայացման ժամանակ նման տվյալներ ներկայացրեց Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստան ծրագրի ղեկավար Հեղինե Մանասյանը:
Զեկույցի պատրաստման համար կենտրոնը հետոզատություններ է անցկացրել 1515 տնային տնտեսություններում ու 400 ձեռնարկություններում: Հարցվածների մեծ մասը երկրի առջև ծառացած կարևոր խնդիր է համարում գործազրկությունը, աղքատությունը, տնտեսական իրավիճակը, բարձր գներն ու կաշառակերությունը:
Հարցվածների 59 տոկոսը կարծում է, որ Հայաստանում իսկապես կոռուպցիա կա: Ընդ որում` հարցվածների ավելի քան 1/3-ը կարծում է, որ Հայաստանում կոռուպցիոն մակարդակը չի փոփոխվել, 27 տոկոսը համարում է, որ կոռուպցիան ավելացել է, իսկ 19 տոկոսի կարծիքով, այն մի փոքր նվազել է:
Կոռուպցիայի մակարդակը համարվում է բարձր ընտրական համակարգում, ոստիկանությունում, դատախազությունում, դատական ու առողջապահական համակրգերում: Նշանակալի չոփով կոռումպացված է համարվում նաև կրթության ոլորտը: Սա հարցվածների 56 տոկոսի կարծիքն է: Առավել քիչ կոռումպացված են համարում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Հարցվածների 41 տոկոսը համարում է, որ այնտեղ ընդհանրապես կոռուպցիա չկա կամ քիչ է:
Ուսումնասիրություններից պարզվել է, որ հարցվածների մեծ մասը կաշառք է տվել ինչ-որ բանի հասնելու համար` մտածելով, որ հարցի լուծման համար այլ ուղի չկա: Որոշ դեպքերում էլ կաշառք տվողները մտածել են, որ այդպիսով արագացնում են հարցի լուծումը:
Մանասյանի ներկայացմամբ` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատերը պատրաստ են ներգրավվել կոռուպցիոն գործընթացների մեջ, սակայն քչերն են նրանք, ովքեր պատրաստ են պայքարել դրա դեմ: