Վերջ Կոսովոյի անկախության հետ կապված իրավական վեճերին. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Քուշները Միջազգային դատարանի որոշումը` Կոսովոյի անկախության հետ կապված իրավական վեճերի վերջաբանն է համարում: Այդ մասին ասվում է Քուշների հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ նախօրեին Հաագայի միջազգային դատարանը Կոսովոյի անկախությունը համարել էր օրինական:
«Կոսովոյի անկախությունն անշրջելի փաստ է: Միջազգային դատարանի եզրակացությունը կարևոր փուլ է` Կոսովոյի անկախության հետ կապված իրավական վեճերն ավարտին հասցնելու համար, ինչը թույլ կտա կողմերին զբաղվել այլ, չլուծված հարցերով», -հայտարարել է ֆրանսիացի նախարարը:
«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, ովքեր սպասում էին այս եզրակացությանը, այլևս չտատանվել և ճանաչել Կոսովոյի անկախությունը», -հավելել է Քուշները:
Հիշեցնենք, որ Կոսովոն անկախություն է հռչակել 2008-ի փետրվարի 17-ին, որը ճանաչել է ՄԱԿ-ի 192 անդամ երկրներից 69-ը: Կոսովոյի անկախությունը հրաժարվել են ճանաչել Սերբիան, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը: