Սուրբ Խաչն օծված չէ, չօծված եկեղեցում պատարագ չեն մատուցում. հուշարձանագետ
Վանի Սուրբ Խաչ եկեղեցին օծված չէ և չօծված եկեղեցում պատարագ չի մատուցվում: Այսօր ասուլիսում հայտարարեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` նկատելով, որ պատարագ մատուցելու համար պետք է անպայմանորեն եկեղեցու օծում լինի:
Ըստ Կարապետյանի, Սուրբ Խաչ եկեղեցու խորանը սալահատակ է և վեմ քար տեղադրված չէ: «Հայտնի է, որ մինչև վերականգնելը վեմ քարը չկար, իսկ խորանը տակնուվրա վիճակում էր: Վեմ քարը հուշարձանի առանցքային դրվագն է համարվում։ Եկեղեցին ենթակա է վերաօծման, անգամ եթե վեմ քարը մի փոքր թեքվել է», -բացատրեց հուշարձանագետը:
Բանախոսն ասաց, որ անպայման չէ այդ օրը գնալ Աղթամար, Վան: «Ես կողմ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը այցելի և տեսնի Աղթամարը և մնացած հուշարձանները, բայց անպայման չէ հենց այդ օրը։ Եվ եթե թուրքերն ուղղակի ուզում են զուռնա-դհոլ կազմակերպել, ապա այդ թատրոնին մասնակցելը ճիշտ չէ», – նկատեց նա։
Այդ համատեքստում նա կարծիք հայտնեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արժանապատիվ որոշում է կայացրել` առկախելով մասնակցությունը պատարագի արարողությանը:
Նշենք, որ թուրքական իշխանությունները խոստացել էին մինչև սեպտեմբերի 19-ը` պատարագի մատուցման օրը, Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին տեղադրել խաչ, սակայն օրերս Վանի իշխանությունները հայտարարել էին, թե խաչը ծանր է` 200 կգ և տեխնիկական դժվարությունների պատճառով այն չի կարող տեղադրվել եկեղեցու գմբեթին:
Նախորդ նորություն` Մայր Աթոռը առկախել է երկու հոգևորականների մասնակցությունը Վանի հայկական եկեղեցու պատարագին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ