Ցուցահանդես` նվիրված Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին. Միջոցառումները շարունակվում են
Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին նվիրված Նարեկացի արվեստի միությունում այսօր բացվելու է ցուցահանդես, որի ընթացքում ներկայացվելու է Մուսա լեռան և Այնճարի հին ու նոր լուսանկարներ, ցուցադրվելու է տեսանյութ, հնչելու են երգեր:
ՆԱՄ-ից Panorama.am-ին փոխանցեցին, որ ցուցահանդեսի նախաձեռնությունը «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամներին է: Ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 19-ը:
Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին նվիրված տարվա ընթացքում անցկացվել են մի շարք միջոցառումներ: Առաջիկայում նույնպես «Մուսա լեռ» ՀԲՀԿ-ի վարչության, հոբելյանական հանձնաժողովի կողմից նախատեսված են մի շարք միջոցառումների անցկացում:
Հայ ժողովրդի հերոսական պայքարի փառահեղ էջերից է Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը: 1915 թ. հուլիսի 26-ին մուսալեռցիները բարձրացան Մուսա լեռը ու սկսեցին անհավասար պայքար մղել բազմահազարանոց թուրքական բանակի դեմ: 40 օր մուսալեռցիները համառ դիմադրություն ցույց տվեցին, մինչև որ սեպտեմբերի 13-15-ը ֆրանսիական հինգ ռազմանավեր հերոս մուսալեռցիներին (շուրջ 4000 մարդ) փոխադրում են Պորտ-Սաիդ (Եգիպտոս): Մուսալեռցիների սխրանքն իր գեղարվեստական մարմնավորումն է գտել ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում:
Էջմիածնի շրջանի «Գինեվետ» ավանը 1972 թ. վերանվանվել է «Մուսալեռ», իսկ 1976 թ. սեպտեմբերի 16-ին բացել է հերոսամարտին նվիրված հուշակոթող (հեղինակներ` ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական նկարիչ-քանդակագործ Արա Հարությունյանը): Ամեն տարի, սեպտեմբերի երկրորդ կեսին, երախտապարտ սերունդները հավաքվում են այստեղ` ավանդական հարիսայով, զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով ու ազգային արժանապատվության զգացումով նշելու հերսամարտի տարելիցը և հարգելու քաջի մահով ընկած հերոսների հիշատակը:
Սեպտեմբերի 18-ին հուշարձանի հարիսատան մոտ տեղի է ունենալու տոնական հանդես (երգ ու պար), այնուհետև` խարույկ և շուրջպար, իսկ սեպտեմբերի 19-ին` Սուրբ Պատարագ և հոգեհանգստի արարողություն Հերոսամարտի հուշարձանի մոտ, տոնակատարություն, մատաղ` հարիսայի օրհնում և բաժանում հարիսատանը:
Այս մասին տեղեկացանք «Մուսալեռ.ամ» կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում