USAID. Ամենակոռումպացված ոլորտներ են առողջապահությունը, ընտրական համակարգը և կրթությունը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ներկայացրեց այս տարվա տնային տնտեսությունների կոռուպցիոն հետազոտության նախանական արդյունքները։Ըստ հարցման արդյունքների, կոռուպցիան հայտնվել է Հայաստանի համար հինգ լրջագույն հիմնախնդիրների ցանկում։
Ինչպես հայտնեց Հետազոտական ռեսուրսների Հայաստան կենտրոնի տվյալների նախաձեռնության և մեթոդաբանական դասընթացների գծով ղեկավար Եվգենյա Պատուրյանը, հարցվողների կեսից ավելին կարծում է, որ կոռուպցիան շատ լուրջ խնդիր է Հայաստանում և նույնիսկ ավելի շատ մարդիկ գտնում են, որ ոչինչ չեն կարող անել կոռուպցիայի դեմ պայքարելու համար։
«Ըստ հարցման արդյունքների, 10-ից 8-ը կարծում է, որ կոռուպցիան Հայաստանում լուրջ հիմնախնդիր է, 10-ից 6-ը, որ այն բնական երևույթ է։ Ամենակոռումպացված ոլորտներ են համարվում առողջապահությունը, ընտրական համակարգը և կրթությունը։ Կոռուպցիայից գրեթե զերծ են կապի, համայնքային ծառայությունների և կոմունալ ծառայությունների ոլորտները»,- նշեց Եվգենյա Պատուրյանը։
Հարցվածների մեկ երրորդը կարծում է, որ մարդիկ կոռուպցիոն վարքագիծ են դրսևորում խնդիրը լուծելու այլ տարբերակ չունենալու պատճառով։ Չնայած, որ հարկ եղած դեպքում հարցվածների 58%-ը կաշառք կտար, 73%-ն էլ ասել է, որ կաշառք չէր վերցնի։
Նշենք, որ հետազոտությունն անց է կարցվում արդեն երրորդ անգամ։ Այս տարի հետազոտությանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1528 հարցվող։
Հետազոտությունն ամբողջությամբ կհրապարակվի հաջորդ տարի` փետրվարին։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ