Նախարարն օդի աղտոտվածության և Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մասին
2010թ.-ի ընթացքում պետական պատվերով նախատեսված օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիտորինգային ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ վերցվել է օդի 446189 փորձանմուշ, կատարվել` 508581 անալիզ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ըստ նրա, Երևան քաղաքի 3 ավտոմատ կայանների գործունեության շնորհիվ վերցվել է օդի 284163 փորձանմուշ, կատարվել` 325797 անալիզ, իսկ Ալավերդի քաղաքի մեկ ավտոմատ կայանից` վերցվել է 138640 փորձանմուշ, կատարվել` 158252 անալիզ:
Եվրոպայի մոնիտորինգի և գնահատման ծրագրի (EMEP) շրջանակներում Ամբերդի ավտոմատ կայանից վերցվել է օդի և տեղումների 14505 փորձանմուշ` կատարվել 27528 անալիզ:
Ներկայացնելով տվյալները, նախարարը նշեց, որ 2010 թ.-ին մակերևութային ջրերի մոնիտորինգային աշխատանքներ իրականացվել են հանրապետության 39 գետերի, Ախուրյանի, Արփի լճի, Ապարանի, Ազատի, Կեչուտի ջրամբարների, Երևանյան լճի և Սևանա լճի 130 դիտակետում, որտեղ պետական պատվերով վերցվել է 1157 փորձանմուշ, ընդհանուր առմամբ կատարվել` 52065 անալիզ: Հայ-Իրանական համատեղ դիտարկումներ են կատարվել Արաքս գետի 6 դիտակետում (2 դիտ.` հայկական սահմանագծից, 4 դիտ.` պարսկական սահմանագծից): Վերցված 36 փորձանմուշներում կատարվել է 1620 անալիզ:
Բացի այդ, նախարարը նշեց, որ թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարումն ապահովելու նպատակով իրականացվել է հանրապետության տարածքում տարածքում գործող 633 կազմակերպություններում առաջացած արտադրության ու սպառման թափոնների պետական հաշվառում և դրանց դասակարգում` ըստ վտանգավորության աստիճանի:
Նշենք, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հիմնախնդրի լուծման նպատակով իրականացվել են գերեզմանոցի վնասված ծածկույթի վերականգնման աշխատանքներ, իսկ վերջնական լուծում տալու նպատակով մշակվել և կառավարության քննարկմանն է ներկայացվել «Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի լիկվիդացման հայեցակարգին հավանություն տալու մասին» կառավարության արձանագրային որոշման նախագծի փաթեթը: