Աշխարհն ավելի անվտանգ է դարձել. Միջազգային հանրությունը ողջունում է «թիվ մեկ ահաբեկչի» սպանությունը
Այսօր առավոտյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա Բեն Լադենի սպանության վերաբերյալ ցնցել է միջազգային հանրությանը: Ահաբեկչության դեմ գլոբալ պայքարում մեծ հաջողություն են արձանագրել մի քանի տասնյակ երկրներ ու միջազգային կազմակերպություններ:
Բեն Լադենի սպանության լուրը ողջույնով են ընդունել Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, եվրոպական ևս մի քանի երկրների ղեկավարներ:
Իսրայելի վարչապետը շնորհավորանքներ է հղել Բարաք Օբամային, նշելով, թե Բեն Լադենի ոչնչացումը ապացուցում է «արդարության, ազատության ու ժողովրդավարական երկրների ընդհանուր արժեքների հաղթանակը»:
Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը հայտարարել է, թե այսօրվանից աշխարհն ավելի անվտանգ է դարձել:
«Մենք արթնացել ենք ավելի անվտանգ աշխարհում: Չնայած միջազգային հանրության պայքարը ահաբեկչության դեմ դեռևս չի ավարտվել, կարևոր քայլ է արված «Ալ Քաիդայի» դեմ պայքարում, ինչը թույլ է տալիս ապահովելու միլիոնավոր մարդկանց` թե մուսուլմանների, թե քրիստոնեաների ու բոլոր նրանց անվտանգությունը, ովքեր հավատում են ազգերի խաղաղ ու համատեղ գոյակցությանը», - ասված է Բուզեկի հայտարարությունում:
Հնդկաստանի ԱԳ նախարարությունը նույնպես ողջունել է Բեն Լադենի սպանության մասին լուրն ու արձանագրել, թե «աշխարհը թևակոխում է ահաբեկչության դեմ պայքարի մի նոր պատմական դարաշրջան»:
Միացյալ Նահանգների ջանքերն ահաբեկչության դեմ պայքարի գործում գործում բարձր են գնահատել նաև Կրեմլում:
«Ռուսաստանն առաջիններից էր, ով իր վրա զգաց միջազգային ահաբեկչությունից բխող բոլոր վտանգները», - «Ռիա Նովոստի» գործակալությանը ասել են ՌԴ նախագահի մամուլի ծառայության գրասենյակից, հավելելով, թե ահաբեկչության դեմ պայքարի լավ արդյունքի հնարավոր է հասնել միայն համատեղ ու միացյալ ջանքերով»: