Եվրոպական դատարանում «Ա1+»-ի գործը վերջնականապես փակված է
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստում հունիսի 8-ին պաշտոնապես արձանագրվել է, որ Հայաստանը կատարել է «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի գործով Եվրոպական դատարանի վճիռը և գործը համարել վերջնականապես փակված: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
Հիշեցնենք, որ դեռևս 2008-ին նույն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել էր, որ Հայաստանում խախտվել է «Մելտեքս» ՍՊԸ-ի իրավունքները, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի` խոսքի ազատությանը վերաբերող 10-րդ հոդվածը` այն պատճառով, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) պատշաճ կարգով չէր հիմնավորել լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին որոշումը:
«Ըստ օրակարգի, ցանկացած վճիռ պետք է կատարվի երկրի կողմից, իսկ կատարումը ենթադրում է երկու գործընթաց` պետք էր «Մելտեքս»-ի իրավունքները վերականգնել այն առումով, որ առնվազն հասցնել մինչև իրավունքի խախտումը տեղի ունեցող պահը, այսինքն` երկիրը պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկեր, որ գոնե հասցներ մինչև իրավունքի խախտման պահը գոյություն ունեցած իրավիճակին, իսկ դա ենթադրում էր, որ «Մելտեքս» ՍՊԸ-ին պետք էր ևս մեկ անգամ հնարավորություն տալ մասնակցել մրցույթին», -մեզ հետ զրույցում ներկայացրեց Գևորգ Կոստանյանը` հիշեցնելով, որ 2010 թվականին ՀՌԱՀ-ի կողմից հայտարարվեց հեռուստահաճախությունների լիցենզիաների մրցույթ, և «Մելտեքս» ՍՊԸ-ն մասնակցեց դրան: Հիշեցնենք, որ այս մրցույթում «Ա1+»-ը հաղթող չհամարվեց:
Կոստանյանի խոսքով, «Ա1+»-ի գործը վերջնականապես փակված ճանաչելու համար ԵԽ Նախարարների կոմիտեն հաշվի է առել նաև այն, որ Հայաստանը կատարել է նաև ընդհանուր բնույթի միջոցառումներ, որոնք ապագայում կբացառեն նման իրավիճակների կրկնությունը մեր երկրում: ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը մասնավորապես, մատնանշեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում» կատարված փոփոխությունները և հավելեց. «Դրանով սահմանվեց որ հանձնաժողովը իր որոշումները պետք է պատշաճ կարգով հիմնավորի և պատճառաբանի»:
Կոստանյանի ներկայացմամբ, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ԵԽ «միակ սուբյեկտն է, եզակին է», որն իրավասու է գնահատել` երկիրը կատարե՞լ է Եվրոպական դատարանի վճիռը, թե՞ ոչ:
«Սա առանձնահատուկ գործ չէր: Մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանում ոչ քաղաքական և ոչ էլ իրավական առումներով խնդիր չկա, որ մենք խոչընդոտ տեսնենք որևէ վճռի, այս դեպքում այս վճռի կատարման իմաստով: Եվրոպական դատարանի վճիռներն անխտիր կատարված են Հայաստանի կողմից», -հավելեց մեր զրուցակիցը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին