Ծպտյալ հայ. Ապրում եմ մահմեդականի կյանքով, բայց հայկական ինքնությունս չեմ մերժում
Թուրքիայում աստիճանաբար մեծանում է իրենց ինքնության մասին բացահայտ խոսող ծպտյալ հայերի թիվը, որոնք, չնայած իրենց հայկական ինքնությանը, ապրում են սունի -մահմեդականի և քուրդ -ալևիի կյանքով:
Այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքը:
Այդպիսի մի հայ է դիարբեքիրցի Գաֆֆուր Թյուրքայը, որը 15 տարեկանում է իմացել, որ իր իսկական ազգանունն Օհանյան է:
«Մահմեդականի կյանքով եմ ապրում, բայց իմ անցյալն ու մշակույթը չեմ մերժում: Ցանկանում եմ մայրենի լեզուս սովորել», -ասում է Գաֆուր Թյուրքայ-Օհանյանը:
Նա պատմում է, որ քրիստոնյա հայերը մահմեդական հայերին թերագնահատում են: «Կարծես մենք ենք ընտրել այս վիճակը: Հայերը պետք է էթնիկ ծագման շուրջ միավորվեն, ոչ թե կրոնի»,- համոզմունք է հայտնում նա:
Նշենք, որ, ըստ Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի, ծպտյալ հայեր կան ոչ միայն Դիարբեքիրում, այլ ամբողջ Թուրքիայում և նրանք արդեն սկսել են խոսել իրենց ինքնության մասին: