Կացնով սպանել է հորը, կտորեղենով փաթաթել ու մեքենայում այրել. Բացահայտում
«Հաղթանակ» կամրջի տակ նախօրեին հայտնաբերված այրված մեքենայում կտորեղենով ու այլ իրերով փաթաթված 61-ամյա Վրեժ Գրիգորյանին, ինչպես պարզել են իրավապահները, սպանել է նրա որդին:
Ոստիկանությունը բացահայտել է սպանությունը և ներկայացնում է մանրամասներ. հոկտեմբերի 28-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի տակ ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը «Հաղթանակ» կամրջի տակ` Թաիրով փողոցի աջակողմյան հատվածի ոչ երթևեկելի մասում, հայտնաբերել էր «ՎԱԶ-2105» մակնիշի կարմիր գույնի այրվող ավտոմեքենա:
Նույն օրը, ժամը 02.05-ին, հրդեհը մարելուց հետո, ավտոմեքենայի կիսաայրված սրահի հետևի նստելատեղին` պոլիէթիլենային տոպրակներով, սրբիչով, ծածկոցով և կպչուն ժապավենով փաթաթված վիճակում, հայտնաբերվել էր Երևան քաղաքի բնակիչ, 61-ամյա Վրեժ Գրիգորյանի դիակը` գլխի մասում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքների հետքերով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 17.10-ին, սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Վ. Գրիգորյանի որդին` 23-ամյա Սիփան Գրիգորյանը:
Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 14.00-ին, տան հյուրասենյակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տանը եղած կացնով հարվածներ է հասցրել հոր գլխին, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով` հոկտեմբերի 28-ին, ժամը 01.00-ին, Սիփան Գրիգորյանը հոր դին տեղավորել է վերջինիս պատկանող «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի սրահի ետևի նստելատեղին, մեքենան տեղափոխել «Հաղթանակ» կամրջի տակ` Թաիրով փողոցի աջակողմյան հատվածի ոչ երթևեկելի մաս և հրկիզել այն:
Հանցագործության գործիք կացինն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ