Ասորիներ. Մենք ցանկանում են հայերի հետ միասին Ցեղասպանության ճանաչման համար պայքար մղել
Տարբեր երկրների ասորական համայնքի ներկայացուցիչները երևանյան հանդիպումներում քննարկել են Հայաստանում համաշխարհային ասորական գիտահետազոտական և մշակութային կենտրոնի հիմնադրման հարցեր: Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանում ասորական համայնքի ղեկավար Իրինա Գասպարյանը:
Նա ասաց, որ Կենտրոնի գործունեությունը ուղղված է լինելու ասորի ժողովրդի կայուն զարգացմանը, նրա ազգային ինքնագիտակցության պահպանմանը, յուրատիպ մշակույթի, կրոնի, ավանդույթների պահպանմանը, ինչպես նրանց պատմական հայրենիք Միջագետքում, այնպես էլ աշխարհի ցանկացած այլ կետում: Ասորիները այստեղ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի պաշտոնատար անձանց հետ:
«Նման Կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ հանդես է եկել տեղական համայնքը, որպեսզի Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում հաստատված ասորական համայնքների միջև համագործակցությունն ավելի ընդլայնվի»,- ասաց նա:
Ասորական ֆորումի ղեկավար, ասորիների փրկության ֆոնդի ղեկավար Էլիաս Յալդան ասաց, որ Հայաստանում հավաքվելու հիմնական նպատակը ասորիների և հայ կառավարության կապերի ամրապնդումն է: «Մենք ասորի ենք ու պետություն, պետականություն չունենք: Մեր նպատակն է վերստեղծել մեր պետությունը մեր պատմական հայրենիքում ու այս հարցում խնդրում ենք Հայաստանի իշխանությունների աջակցությունը»,- ասաց նա:
Ասորական պատվիրակության հետ հանդիպել է ՀՀ վարչապետը: Վերջինս, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ողջունել է նրանց նախաձեռնությունը և խոստացել է աջակցել կենտրոնի ստեղծման աշխատաքներին: Կառավարության ղեկավարի ու այլ գործիչների հետ հանդիպման ժամանակ ասորիները հայցել են Հայաստանի աջակցությունը:
«Հայաստանը մեծ կշիռ ունի միջազգային ասպարեզում ու մենք ցանկանում ենք Հայաստանի իշխանությունների աջակցությունը»,- ասաց Է.Յալդան ու հավելեց, որ ասորիները հայերի ընկերն են եկել հազարամյակներ շարունակ, ու Հայաստանը բախտավոր է այքանով, որ ի տարբրերություն իրենց, ունի պետություն:
Նա նշեց, որ իրենց այցը այլ նպատակ էլ է հետապնդում. «Մենք ցանկանում են հայերի հետ միասին Ցեղասպանության ճանաչման համար պայքար մղել: Ասորիները և հայերը նման են մետաղադրամի երկու երեսի` պատմության նույն ժամանակահատվածում սպանվել, կեղեքվել ենք նույն ձեռքով, նույն ծրագրով: Մենք խնդրել ենք Հայաստանի կառավարությանը` Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակից դարձնել նաև ասորիներին, նաև Ազգային ժողովում լսումներ կազմակերպել ասորական համայնքներին հուզող խնդիրները վեր հանելու ու քննարկելու համար` հրավիրելով հասարակության ուշադրությունը»:
Ասորական պատվիրակության անդամները նաև առաջարկությամբ են հանդես եկել. Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ծիծեռնակաբերդի տարածքում ասորիների ցեղասպանությունը հիշատակող հուշարձան կառուցվի, «քանի որ և հայերը, և ասրիները սպանվել են նույն ժամանակահատվածում` 1914-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայի տարածքում թուրքերի ձեռքով»:
Նրանք կոչ են անում Թուրքիային անհապաղ ճանաչել Ցեղասպանությունը: «Մենք ամեն օր աշխատում ենք, որ Եվրամիությունը Թուրքիայի չընդգրկի իր կազմում, մինչև չճանաչի Ցեղասպանությունը»,-ասաց պատվիրակության անդամներից մեկը:
Պատվիրակության անդամները բաց նամակ են ուղարկելու նաև ՀՀ նախագահին` ներկայացնելով այս առաջարկները: Ասուլիսի վերջում նրանք շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանության ներկայացուցիչներին` լավ ընդունելության, հյուրասիրության համար:
Նշենք, որ աշխարհի տարբեր անկյուններում գործող ասորական համայնքների ներկայացուցիչները հոկտեմբերի 28-ից Հայաստանում են: Նրանք մի շարք հանդիպումներ են ունեցել ոչ միայն Հայաստանի ղեկավար մարմինների, այլեւ մեր երկրում բնակվող ասորական համայնքի հետ: Նրանք երեկ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ դրել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության հետևանքով սպանված 1.5 մլն անմեղ հայերի հիշատակին: 1915-1924 թվականներին՝ 1.5 միլիոն հայերի հետ միասին, երիտթուրքերի ոճրագործության զոհ է դարձել 800 հազարից ավելի ասորի:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց