Բագարան. հայ փախստականների նոր քաղաքը
Պարսկաստանի սահմանամերձ ազատագրված տարածքներում` Մեղրիի մոտակայքում, Որոտան գետի վտակներից մեկի վրա հայ փախստականների Համագումարի պատվերով ծրագրվում է քաղաք կառուցել. «Բավականին երկար հետազոտումից հետո կանգ առանք այդ տեղանքի վրա, որովհետև այն ապահով է, բնակլիմայական պայմանները շատ լավն են, մոտ է մերձարևադարձային կլիմային և այդքան էլ լեռնոտ հատված չէ»,- այսօր Ադրբեջանական ԽՍՀ-ի հայ փախստականների Համագումարի երրորդ համաժողովից հետո լրագրողներին տեղեկացրեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:
Քաղաքը բազմաֆունկցիոնալ է լինելու, ունենալու է և ադմինիստրատիվ կենտրոն, և արդյունաբերական տարածք` հիմնականում գյուղատնտեսական արդյունաբերության ուղղվածության: Հետագա ծրագրերի մեջ է մտնում անգամ գետակը որոշակիորեն փակելն ու արհեստական լիճ սարքելը, ինչը հնարավորություն կտա փոքրիկ հիդրոկայան կառուցել: Բայց այս ամենի հիմնական գաղափարը համայնքի ձևավորումն է. «Հասկանալի է, որ նոր ձևավորվող քաղաք է և համայնքի ձևավորումը պետք է շատ կարևորվի»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս են այս գաղափարին արձագանքել Արցախի իշխանությունները, տիկին Թարխանյանը նշեց, որ սա դեռ նոր մշակվող կոնցեպցիա է և քաղաքի հետագա զարգացումը ու ամենակարևորը` փախստականների հավանությունը ստանալուց հետո միայն կառավարության և այլ ատյանների կողմից համապատասխան գործընթաց կունենա:
Դեռևս մշակման փուլում գտնվող այդ կոնցեպցիան այսօր արդեն անուն ունի` ազատագրված տարածքներում կառուցվող քաղաքը Բագարան անունն է կրելու` ի հիշատակ 4 հազար տարի առաջ Ախուրյան գետի վրա տեղակայված նույնանուն քաղաքի, որը հետագայում դարձավ Հայաստանի մայրաքաղաքը:
Փախստականների ցանկությունը նախնական ուրվագծել էր 100 հազարանոց քաղաք, բայց ճարտարապետը նշեց, որ իրենք պարտավոր են ավելի մեծ քաղաք նախագծել, որը ենթադրվում է իրականություն կդառնա:
Ու թեև ընդհանուր քաղաքի պատկերը կարծես թե ուրվագծված է, այդուհանդերձ տիկին Թարխանյանը անհրաժեշտ բյուջեի մասին գերադասեց չխոսել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին