Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքում կառուցվող հեղեղատարների շինհրապարակներ և մասնակցել ծառատունկի
Հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը նախ այցելել և տեղերում ծանոթացել է քաղաքապետարանի ծրագրով կառուցվող նոր հեղեղատար ցանցերի շինարարական աշխատանքների ընթացքին: Մայրաքաղաքի հեղեղատար ցանցի վերակառուցումն ու բարեփոխումն անհետաձգելի պահանջ էր դարձել, հաշվի առնելով հատկապես վերջին տարիներին անձրևի և ձյան հալոցքի ջրերի կուտակումները, որոնք դժվարանցանելի էին դարձնում մայրաքաղաքի որոշ հատվածներ:
Խորենացի փողոցում շինարարները Տարոն Մարգարյանին վստահեցրել են, որ աշխատանքներն ընթանում են համաձայն ժամանակացույցի: Աշխատանքների մեկնարկային փուլում հանձնարարվել էր խստագույն հետևել ինչպես սահմանված ժամանակացույցին, այնպես էլ հաստատված նախագծի պահանջերին, որպեսզի լիարժեք ապահովվի հեղեղատարների ֆունկցիոնալ նշանակությունը:
Տարոն Մարգարյանը հետևել է նաև Լենինգրադյան փողոցում ավարտական փուլ մտած հեղեղատար ցանցի շինարարության ընթացքին: Այստեղ խողովակաշարերն արդեն տեղադրված են, ընթանում են անձրևատարների տեղադրման աշխատանքները:
Համապատասխան մրցույթների անցկացումից հետո, հոկտեմբերի 30 ից սկսած, ըստ առաջնահերթության, աշխատանքներ են ընթանում նաև Ռուբինյանց, Սևանի և Թևոսյան փողոցնորում: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 224 միլիոն դրամ է: Միջոցները հատկացվել են Երևանի համաքաղաքային բյուջեից:
Տ.Մարգարյանը ծանոթացել է նաև մայրաքաղաքի մուտքերի բարեկարգման և կանաչապատման ծրագրով արդեն պատշաճ տեսք ստացած Արգավանդի տրանսպորտային հանգույցի և նոր միջնաշերտ ունեցող Բաբաջանյան փողոցի հարակից տարածքներում կատարված աշխատանքներին: Ներկրված սևահողում ցանվել է սիզախոտ , ինչի արդյունքում արդեն գարնանը տարածքը կանաչ տեսք կունենա: Վերոհիշյալ հատվածներում անցկացվել է նաև ոռոգման ցանց: Շուրջ 100 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի շրջանակներում մաքրվել, ճմապատվել ու բարկարգվել են Բաբաջանյան փողոցով անցնող կամրջին հարող հատվածները: Տարածքն ասֆալտապատվել է, ճանապարհի եզրաքարերն էլ փոխարինվել են նորերով:
Մայրաքաղաքի նոր` Իսակովի պողոտայում կառուցված հեծանվահրապարակի նպատակային նշանակության բնույթից ելնելով, մարզակառույցի շահագործման հանձնելուց հետո քաղաքապետարանի համապատասխան կառույցներին հանձնարարվեց մշակել ու ներկայացնել պողոտայի տվյալ հատվածում վերգետնյա անցում կառուցելու նախագիծ: Ըստ այդմ, Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խնդիրը ներառել 2012 թվականի համայնքային բյուջեի նախագծում` որպես առաջնահերթ լուծում պահանջող հարց:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Տ.Մարգարյանը այցելել է նաև Էրեբունի վարչական շրջանի մանկական զբոսայգի, որտեղ մասնակցել է աշնանային ծառատունկին: 2011 թվականի աշնանային ծառատունկի շրջանակներում մայրաքաղաքի վարչական շրջաններում կտնկվի 8000 դեկորատիվ ծառ, որոնցից 3000-ը թույա, 2000- ը սոսի, 1000 հացենի և 2000 դեկորատիվ թուփ: Այս խմբաքանակն, ըստ նախապես ներկայացված հայտերի, արդեն բաշխվել է վարչական շրջաններին:
Զրուցելով տարածքի բնակիչներ հետ` Տարոն Մարգարյանը նշել է, որ գարնանը այգու տարածքը ամբողջությամբ կբարեկարգվի, կկառուցվեն բաց և փակ զրուցարաններ, վնասված սալաքարերն էլ կփոխարինվեն ասֆալտե ծածկույթով: Ծրագրի իրականացման ուղղությամբ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին տրվել են հստակ հանձնարարականներ:
Ի դեպ, ծառատունկին մասնակցել են նաև ՀՀԿ Էրեբունու երիտասարդական կառույցի ներկայացուցիչները, ովքեր պարտավորվել են ստանձնել այգու խնամքը, ինչը ողջունվել է Տարոն Մարգարյանի կողմից:
Աշնանային ծառատունկի ընթացքում ևս 3000 ծառ կտնկվի Եռաբլուրի տարածքի բարեկարգման ծրագրով: 2000 դկորատիվ ծառ էլ, բացի վերոհիշյալ 8000-ից, ձեռք է բերվել Նոր Նորք վարչական շրջանի կողմից ու կտնկվի Նոր Նորքի այգիներում, պուրակներում և բակերում: Հարկ է նշել, որ ինչպես այս, այնպես էլ գարնանային ծառատունկը կազմակերպվել է բացառապես ոռոգելի տարածքներում: Ի դեպ, ապրիլից սկսված, գարնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում տնկվել է շուրջ 15300 տերևավոր և 17200 մշտադալար ծառ ու թուփ: Մշտադալարներն այս տարի մայրաքաղաք ներկրվել են առաջին անգամ և, բարենպաստ եղանակի շնորհիվ, տնկվել են մինչև հուլիս: Մասնագետների վկայությամբ կպչողականության ընդհանուր ցուցանիշը կազմել է 75 տոկոս: